ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում վերջերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դեռևս քրեական գործ չի հարուցվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի ուշ երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հարսանեկան խնջույքի ժամանակ խնամիների միջև անհամաձայնություն է ծագել, որին միջամտել է Ռուբեն Հայրապետյանի՝ Եզդի Աշոտ մականունով թիկնապահը և հրաձգություն է սկսել:
Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անդրադարձավ այդ միջադեպին և նշեց, որ ինքը մամուլից է տեղեկացել, որ քրեական գործ հարուցված չէ, և արդեն հանձնարարել է, որ ստուգեն, թե արդյո՞ք այդ տեղեկությունը համապատասախանում է իրականությանը:
«Բոլոր դեպքերում՝ եթե ինչ-որ դեպք է տեղի ունենում, դրան հաջորդում են որոշակի ստուգումներ: Այդուամենայնիվ, հանձնարարել եմ, որ ստուգեն ու ինձ զեկուցեն»,- մանրամասնեց ՀՀ գլխավոր դատախազը: