«Պակիստանը չի կարող իրեն թույլ տալ թշնամանալ ԱՄՆ-ի հետ». չորեքշաբթի օրը՝ ապրիլի 27-ին, հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Պակիստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Իսլամաբադին անհրաժեշտ է լավ հարաբերություններ զարգացնել Վաշինգտոնի հետ։
Մեկնաբանելով իր նախորդի՝ Իմրան Խանի պնդումները, թե Պակիստանում իշխանափոխությունը ԱՄՆ դավադրության արդյունք է, Շարիֆը նշել է, որ երկրի Ազգային անվտանգության կոմիտեն հստակ գնահատել է երկրում վերջին քաղաքական փոփոխությունները՝ հայտարարելով, որ չի եղել որևէ արտաքին գործոն ու արտաքին միջամտություն Իսլամաբադի գործերին։ Վարչապետը նաև խոստացել է դիտարկել դատական հանձնաժողովի ստեղծման հարցը, որը կզբաղվի դավադրության մեղադրանքների քննությամբ: