Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում ներկա իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Բայրամովը խոսել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի մասին, ներառյալ՝ ապագա խաղաղության համաձայնագրի մշակումը, սահմանների դելիմիտացիան, տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիների բացումը և վստահության ամրապնդման միջոցառումները։ Կողմերն ընդգծել են ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգության համար։ Հանդիպմանը նաև քննարկվել է իրավիճակը Ուկրաինայում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հավելենք, որ Բաքվում Օլսոնը մասնակցելու է ԱՄՆ առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովին, որին ներկա է գտնվելու նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։