
Մշակութային վանդալիզմի թիրախ է դարձել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակշշին նվիրված՝ Բրյուսելի Անրի Միշո հրապարակում տեղակայված խաչքար-հուշակոթողը, որի մոտ ապրիլի 24-ին տեղի էր ունեցել ոգեկոչման արարողություն, տեղեկացրել է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը։
«Խաչքարի վրա կարմիր գույնով պատկերված է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության սիմվոլիկան։ Այդ կուսակցությունը հանդիսանում է ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության «կնքահայրը»: Հուշակոթողը պղծվել է նաև հայհոյաբանական գրառմամբ։
Նման գործողությունները, որոնք հայատյացության և անհանդուրժողականության ցայտուն դրսևորումներ են, անհամատեղելի են համամարդկային արժեքների հետ»,-ասվում է գրառման մեջ։
Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Սարինե Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ իրենց կառույցը դեպքի առնչությամբ դիմել է տարբեր մարմինների, քաղաքական գործիչների՝ ակնկալելով տեղի ունեցածին արձագանք․ «Քաղաքապետարանի կողմից արդեն իսկ եղել են աշխատանքներ, խաչքարը մաքրման փուլում է։ Այս պահին հստակ չեմ կարող ասել՝ ամբողջությամբ մաքրվել է, թե ոչ, բայց քաղաքապետարանը զբաղվում է այդ հարցով»։
Սարինե Աբրահամյանը նաև նշեց, որ իրենք տեղի ունեցածը սադրանք են որակում․ «Հստակ է, որ այդ լուսնաձև նկարչությունը, որն արվել է խաչքարի վրա, կապ ունի «Գորշ գայլերի» հետ և ակնհայտ է, որ դա սադրանք է, վանդալիզմ՝ ուղղված ոչ միայն Բելգիայի հայ համայնքին, այլ ողջ հայությանը»։
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ սա թուրքերի կողմից իրականացված վանդալիզմի առաջին դեպքն է Բրյուսելում «Նշեմ նաև, որ Բելգիայի Ֆրանկոֆոն բարեկամության խումբն այս միջադեպին արձագանքել է, ներկայացուցիչը հրապարակել է հայտարարություն՝ դատապարտելով և կոչ անելով, որպեսզի պատասխանատու մարմիններն արձագանքեն։ Այդպիսի հայտարարություններ տարբեր տեղերից եղել են, Բելգիայի լրատվականներն էլ են այդ մասին գրել, կա նաև պատգամավոր, որ արձագանքել է այս վանդալիզմին»,-եզրափակեց Ս․ Աբրահամյանը։