
«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
-Պարոն Գրիգորյան, Արցախի նախագահը կառավարության ընդլայնված նիստ է անցկացրել և կառավարության անդամներին հավաստիացրել, որ ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ Արցախի կարգավիճակի հետ կապված ցանկացած դիրքորոշում միջազգային ատյաններում պետք է համաձայնեցված լինի Արցախի իշխանությունների ու ժողովրդի հետ։ Ստեփանակերտի վերջին մտահոգությունների ֆոնին այս պայմանավորվածությունն ինչպե՞ս եք գնահատում։
–Իրականում Նիկոլ Փաշինյանը ևս նման հայտարարություն էր արել՝ առ այն, որ բոլոր նմանատիպ հարցերը քննարկվելու են ոչ միայն Հայաստանի հանրության, այլև Արցախի իշխանությունների ու հանրության հետ։ Կարծում եմ՝ Փաշինյանի հռետորաբանության մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունեցել Մոսկվա կատարած այցից հետո։ Գիտենք, որ Ռուսաստանը առանձնակի կողմնակից չէ կարգավիճակի հարցում փոփոխությունների գնալուն։ Ռուսաստանը կարծում է, որ գոյություն ունեցող ստատուս քվոն պետք է պահպանվի և հռետորաբանության այս մեղմացումը Երևանում, ինչպես նաև դրա արձագանքն Արցախում կարելի է հենց դրանով պայմանավորել։
-Կարծում եք վերջին շրջանի Երևանի ու Ստեփանակերտի միջև առկա տարաձայնությունները կարո՞ղ ենք հարթաված համարել։
–Չեմ կարծում, որ կարող ենք հարթված համարել, որովհետև այնուամենայնիվ Հայաստանը դեռևս չի հրաժարվել այն օրակարգից, որը հնչեցրել է Փաշինյանն ապրիլի 13-ի ելույթում։ Բացի այդ՝ իշխանական տարբեր պատգամավորներ շարունակում են թիրախավորել նույն Արցախի իշխանություններին։ Հարցազրույցներում նույնիսկ անուղղակի տեքստով սպառնում են, որ հնարավոր է Արցախին հատկացվող ֆինանսա-տնտեսական աջակցությունը կրճատվի կամ ընդհանրապես դադարեցվի։ Լարվածությունը շարունակում է գոյություն ունենալ։ Դա ինչ-որ չափով նաև բնական է։
-Իսկ ինչի՞ կարող է դա հանգեցնել։ Ստեփանակերտը կարո՞ղ է հայտարարել, որ չի լիազորում, որ Երևանն իր փոխարեն բանակցի ու որոշումներ կայացնի։
-Դա մի իրականություն է, որն առանց Ստեփանակերտի հայտարարության էլ է ակնհայտ։ Այդ մասին խոսում էր նույն Նիկոլ Փաշինյանը մինչև ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ ասելով, որ ինքը լիազորված չէ Ղարաբաղի կարգավիճակի հարցով որևէ բանակցություն վարել։ Իրականում չնայած Ղարաբաղը բանակցային գործընթացին ուղղակի մասնակցություն չէր ունենում՝ 90-ականների վերջին, սակայն նույնիսկ 2000-ականների վերջին տարիներին սեղանին դրված բոլոր փաստաթղթերով ու գործընթացներով նախատեսվում էր, որ ինչ-որ պայմանագրի ստորագրման վերջին փուլում Արցախը պետք է ևս միանար բանակցություններին ու Արցախի ստորագրությունը ևս պետք է լիներ։ Խոսքը վերջնական պայմանագրի մասին էր և ոչ առաջին փուլի։ Օրինակ՝ կարգավիճակի շուրջ բանակցության դեպքում Արցախի ստորագրությունն էլ պետք է լիներ։ Սա իհարկե բավականին անազնիվ մոտեցում էր, որովհետև փաստորեն Արցախի փոխարեն մշակվում էին սկզբունքներ, բանակցվում էին, վերջում Արցախը պետք է ստորագրեր ու լեգիտիմացներ որոշ փաստաթղթեր։Բայց փաստն այն է, որ դրա մասին նույնիսկ համանախագահներն էին խոսում։ Ուստի այդ սկզբունքը երբեք ոչ մի տեղ չէր գնացել, դժվար է ինչ-որ բան որոշել՝ որևէ մանդատ չունենալով։ Ո՞վ է Նիկոլ Փաշինյանին մանդատ տվել Լեռնային Ղարաբաղը ճանաչել կամ չճանաչել Ադրբեջանի կազմում։ Նման մանդատ գոյություն չունի և նույնիսկ եթե նմանատիպ ստորագրություն լինի, պարզ է, որ այն չի ընդունվելու Արցախի կողմից։
-Կարծում եք թե՛ ժողովրդի և թե՛ նաև իշխանությա՞ն կողմից։
-Իհարկե՛, բնականաբար։