
Բելգիայի մի շարք քաղաքներում անցկացվել են Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:
Ինչպես տեղեկացանք Բելգիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, ապրիլի 24-ի առավոտյան Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցում Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակներին ի հիշատակ մատուցվեց պատարագ:
«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Անրի Միշո հրապարակում գտնվող խաչքար-հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն: Ծաղկեպսակներ զետեղվեցին Հայ առաքելական եկեղեցու, ՀՀ դեսպանության, Բելգիայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի, Բելգիայի քաղաքական կուսակցությունների, Հետազոտությունների և ցեղասպանության միջազգային ցանցի, հասարակական մի շարք կազմակերպությունների և հայ համայնքային կառույցների անունից:
Դեսպան Աղաջանյանն իր խոսքում նշեց, որ, ինչպես ցույց տվեց պատմությունը, ժխտողականությունը, անպատժելիությունն ու անտարբերությունը ծնում են նորանոր հանցագործություններ։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքական և հասարակական բոլոր այն գործիչներին, որոնք սկզբունքային ու հիմնավոր գործունեությամբ իրենց ավանդն են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման արդար գործին ։
Այնուհետև Բրյուսելի մայր տաճարից երթ մեկնարկեց դեպի Թուրքիայի դեսպանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ ։
Ըստ աղբյուրի՝ ախրիլի 24-ի երեկոյան Բրյուսելի Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հայ համայնքի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած անդամի մասին ֆիլմի ցուցադրություն, ապա՝ դասական համերգ։
Նշվում է, որ «Պողոսյան» հիմնադրամը Հայոց ցեղասպանության ոգեկոչման առթիվ կազմակերպել է միջոցառում, որի ընթացքում տեղի են ունեցել «Արդար թուրքերը, շատ երկար լռություն» խորագրով վավերագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում։
«Լյուվենի կաթոլիկ համալսարանի` բանասիրության և արևելքի պատմության դոկտոր Բերնար Կուլին, հյուրընկալվելով Բելգիական «LN24» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդաշարին, զրուցեց Հայոց ցեղասպանության թեմայով»,- հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով, որ ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել նաև Բելգիայի Լիեժ, Գենտ, Մեխելեն և այլ քաղաքներում։