
Մեկ ամիս առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամահյանը Հայաստանում հայտարարեց, թե իրեն չի թվում՝ ՌԴ իշխանությունը վստահություն ունի Փաշինյանի նկատմամբ, այլապես մենք այսօր այս վիճակի մեջ չէինք ընկնի․ «Ռուսաստանը ասում է, որ ժողովուրդն ընտրել է Փաշինյանին, նա չի կարող դեմ գնալ, իսկ աջակցելու համար պայմաններ պետք է ստեղծել»,-ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը, ապա հավելեց․ «Հետո անընդհատ Ռուսաստանին մեղադրելը, թե մեզ չի օգնում: Ռուսաստանը օգնում է նրանց, ովքեր ճիշտ հարցեր են դնում, ժամանակին եւ փոխշահավետ: Ասես, մանկապարտեզ լինի: Իսկ դուք ի՞նչ արեցիք, որ իրենք օգնեն»։
Անցնող շաբաթ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր ՌԴ-ում։ Փաշինյանն ու Պուտինը հանդիպմանը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով: Հայաստանն ու Ռուսաստանը 30 կետանոց են ստորագրել, որով էլ ավելի է խորանում համագործակցությունը տարբեր ուղղություններով։
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հայ համայնքի հետ առանձնապես ոչ մի առնչություն չի ունեցել այս այցը, տեղեկատվության տիրապետում են միայն տպագրված նյութերից․«Մենք Հայաստանի, հայ ժողովրդի հետ մեր ստաբիլ հարաբերությունների մասով կարող ենք մեկնաբանություններ տալ: Թե Փաշինյանի այցն ինչ նպատակներ է ունեցել, ինչ հետևանքներ կունենա, չեմ կարող մեկնաբանել»:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակին՝ Ղուկասյանը նշեց․«Ես անձամբ գնահատում եմ, որ Հայաստանի փրկությունը միշտ եղել ու մնում է Ռուսաստանի մեջ, մեծ ընտրանք Հայաստանը չի ունեցել ու չունի, ինչքան ուզում է մենք մեզ ներշնչենք, թե բոլորը շատ հետաքրքրված են Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունենալով, Հայաստանին որպես գործընկեր ունենալով: Դա միֆ է: Իհարկե, իմ դուրն էլ է գալիս, թե ինչ գեղեցիկ խոսքերով են Ֆրանսիայի ղեկավարները խոսում Հայաստանի ու հայերի մասին, բայց երբ գործը հասնում է Հայաստանի անվտանգությանը, բարեկեցությանը, միայն Ռուսաստանն է, որ կարող է օգնել: Ովքեր ուզում են Հայաստանի կործանումը, նրանք ուրիշ ճանապարհ են ընտրում: Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճակատագիրը»,-հավելեց նա:
Անդրադառնալով Հայաստանում ստեղված իրավիճակին, Ազատության հրապարակում տեղի ունեցող զարգացումներին՝ նա նշեց, որ մտահոգություններ կան բոլոր հայերի մոտ, որոնք բնակվում են Ռուսաստանում, բայց սերտ կապեր ունեն Հայաստանի հետ և շատ սիրում են Հայաստանը, նրանք մտահոգված են Հայաստանի ներկայով ու ապագայով․ «Տեսնում ենք, որ շատ վտանգավոր պրոցեսներ են գնում: Բայց եթե խոսում ենք Ռուսաստանի մասին, երբ շտերը փորձում են սլաքներն ուղղել Ռուսաստանի կողմը, պետք է ասել, որ այն, ինչ կատարվում է, ՀՀ իշխանությունների պատասխանատվությունն է»:
«Հայաստանի իշխանությունները փորձում են չեզոքացնել Ռուսաստանի հայկական համայնքը, որ նա ուժ չլինի, այլ տարբեր իշխանամետ անձեր լինեն: Արա Աբրահամյանի և Ռուսաստանի հայերի միության տեսակետները կարող են փոխվել, եթե Հայաստանի վիճակը փոխվի, եթե ՀՀ իշխանությունների վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ փոխվի»,-ասաց նա:
Հարցին՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված նկատվո՞ւմ է, օրինակ, դեպի Հայաստան կամ այլ երկրներ մեկնելու միտում, Ղուկասյանը նշեց, որ զանգվածային նման հոսք չկա, բայց շատերը փորձել են դիմել դեսպանություն, հյուպատոսարաններ, որ ՀՀ քաղաքացիություն ստանան և բողոքում են, որ այդ գործընթացը բարդացել է, քիչ մարդկանց են ընդունում և այլն:
«Մենք շատ մեծ օգնություն ենք ուղարկում Ուկրաինային, նաև հայկական համայնքին: Մեր համայնքները դիտարկում ենք որպես խարիսխ, որի միջոցով օգնենք նաև մյուսներին: Դա հեշտ պրոցես չի, քանի որ մոտ 300 տոննայի չափ բաշխվել է, ճանապարհին է, ուղարկվել է Մարիուպոլ, Իզյում, Ուկրաինայի տարածքներ, որոնք ռուսական վերահսկողության տակ են: Մեր օգնությունը գնում է և Ուկրաինա, և ԴԺՀ ու ԼԺՀ: Մենք միշտ օգնել ենք Լուգանսկի, Դոնեցկի մանկատներին, հիմա այդ մանկատները գտնվում են Ռոստովում: Երեխաներին ուղարկում ենք և քաղցրավենիք, և ներկայացումներ»,-ասաց նա: