Այսօր «Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը և համանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար, վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը հանդիպեցին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, որին ուղեկցում էին նրա քաղաքական խորհրդական Մարք Ֆոսեթը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Անդրեյ Դիդենկոն:
Հանդիպման ընթացքում, ի շարս տարբեր հարցերի, քննարկվեց նաև արցախյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ներքաղաքական զարգացումներին և 2012 թ. ընտրություններին առնչվող օրակարգ:
«Ժառանգության» ներկայացուցիչներն իրենց մտահոգությունը հայտնեցին արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների և Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի պայմանակարգի հաճախացած խախտումների առնչությամբ: Ներկայացվեց նաև ԼՂՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության որդեգրած դիրքորոշումը: Ներքաղաքական և նախըտրական զարգացումների կապակցությամբ «Ժառանգության» ներկայացուցիչները բարձր գնահատեցին ԵՄ-ի ներկայությունն ու աջակցությունը` միաժամանակ անհանգստություն հայտնելով ընտրական օրենսդրության փոփոխությունների հարցում եվրոպական որոշ կառույցների մոտեցումների վերաբերյալ, ինչը չի նպաստում Հայաստանում ընտրությունների արդար և ազատ անցկացմանը:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարևորեց «Ժառանգության» հետ հանդիպումը` նրա դիրքորոշումները ԵՄ անդամ երկրներին փոխանցելու և համագործակցության նկատառումներով:
Հանդիպումը տեղի ունեցավ Փիթեր Սեմնեբիի նախաձեռնությամբ: