Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում ռուսալեզու գործարար միջավայրի և ներդրումների ակտիվացման ֆոնին ակտիվացել է նաև ռուսալեզու քաղաքացիների ներհոսքը Հայաստան: Կրթական և գործարար համապատասխան միջավայր ապահովելու նպատակով, ինչպես նաև վերլուծելով առկա իրավիճակը՝ նախարարությունն առաջարկել է Հայաստանի դպրոցներում, այդ թվում՝ ավագ մակարդակում, ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թիվն՝ ըստ պահանջի: Այդ դասարանները նախատեսված են հիմնավորապես Ռուսաստանի, ինչպես նաև օտարերկրյա այլ քաղաքացիների համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է կրթական փորձագետ Արեգ Թադևոսյանի հետ:
Թադևոսյանը ռուսերեն լեզվի հետ կապված հիստերիան մի փոքր տեղին չի համարում․«Պետք է զգոն լինել․ Այդ ով է, որ ուզում է մեր հետ մի բան անել: Եթե մտնում ենք գետի մեջ, պետք է հասկանալ դեպի ուր ենք ուզում լողալ: Գործարքը երկկողմանի է․ եթե ղեկը իմ ձեռքն է, ես եմ որոշել ում հայրենակիցն եմ: Մարդիկ պետք է ղեկը իրենց ձեռքը պահեն․ այդ դեպքում ռուսական, թուրքական քամիները իրենց չեն ծեփի պատերին»:
Ըստ փորձագետի՝ ռուսալեզու դպրոցների ընդլայնումը մշակութային զոնայի ընդլայնման նպատակ է հետապնդում․ «Լեզուների իմացությունը դրական է, չպետք է ընկնել ծայրահեղությունների մեջ»: