
Թուրքիան և Միացյալ Նահանգները հայտարարել են ռազմավարական երկխոսության մեխանիզմի գործարկման մասին: Դա տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի Անկարա այցի շրջանակում, որտեղ նա հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ: Կողմերը հայտարարել են, որ սպասում են արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպմանը՝ ռազմավարական երկխոսության մեխանիզմի շրջանակում:
Թուրք-ամերիկյան ռազմավարական երկխոսության մեխանիզմը վկայում է, որ չնայած տարաձայնություններին, Անկարան ու Վաշինգտոնը դիտարկում են միմյանց փոխադարձ խորքային հետաքրքրությունների շրջանակում, ինչը առանձնապես էական գործոն է մասնավորապես Կովկասի համար: Այս հանգամանքը իր հերթին էական է դարձնում հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության մեխանիզմի արդյունավետության հարցը, մի կողմից Թուրքիայի հետ հարաբերության կարգավորմանը նպաստող գործոնի տեսանկյունից, մյուս կողմից Թուրքիայի հավակնությունների զսպման կամ կառավարելիության:
Բարդ է ասել, թե ինչ տրամաբանությամբ կզարգանա թուրք-ամերիկյան ռազմավարական երկխոսության մեխանիզմը, սակայն այստեղ հարկ է նկատի ունենալ թերևս այն, որ թե ԱՄՆ նախագահ Բայդենն ու դեմոկրատական վարչակազմը, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը ունեն էլեկտորալ խնդիր 2024-ի և 2023-ի համար: Աjդ խնդիրները ծավալվում են համաշխարհային բարդ իրադրությանը զուգահեռ, և այստեղ առաջանում է ամերիկա-թուրքական որոշակի ընդհանուր հետաքրքրությունների խորքային դաշտ, ինչը Հայաստանի համար թե հնարավորություն է, թե նաև մարտահրավեր:
Բանն այն է, որ այդ հետաքրքրությունների համատեքստում Էրդողանը՝ իր էլեկտորալ խնդիրներում ԱՄՆ աջակցությունը ստանալու համար կարող է դիտարկել ինչպես հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ կառուցողական տրամադրվածությունը, այդպես էլ Ռուսաստանի հանդեպ ճնշումը:
Առաջին մասը Երևանի համար օգտակար է, սակայն երկրորդ մասը՝ վտանգավոր և ամենևին ոչ ցանկալի, քանի որ ուղղակի, թե անուղղակի ռիսկեր է պարունակում Հայաստանի համար: Իր հերթին, Թուրքիան իր և Ադրբեջանի կարողությունների չափով, իսկ դրանք ըստ էության իհարկե ԱՄՆ համար բախտորոշ չեն, սակայն քիչ էլ չեն՝ կարող է աջակցություն խոստանալ դեմոկրատական վարչակազմին: Սա իհարկե բավականին բարդ խաղ է անկանխատեսելի ելքով, սակայն դա առավել ևս անհրաժեշտ է դարձնում աչալրջությունն ու հայ-ամերիկյան երկխոսության ուղղությամբ զգոնությունն ու արդյունավետությունը, հնարավորը քաղելու, և ռիսկերը հնարավորինս չեզոքացնելու կամ զսպելու համար: