
Ադրբեջանական զինուժի ներխուժման հետևանքով ավելի քան 400 բնակիչ տուժել է, նրանք փաստացի տեղահանվել են Խրամորթ և Փարուխ գյուղերից։ Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
«Այս պահին Արցախի իշխանություններն այդ մարդկանց տեղավորել են ժամանակավոր կացարաններում, սակայն տվյալ անձինք զրկված են իրենց սեփականության, առողջության պահպանության իրավունքներն իրացնելու, երեխաները զրկված են իրենց հարազատ և սովոր միջավայրում կրթությունը շարունակելու հնարավորությունից։ Այս անձինք գլխավորապես զրկված են արժանապատիվ կյանքի ու առանց ահաբեկման ապրելու իրենց հիմնարար իրավունքից»,- ասաց նա:
Պաշտպանը հայտնեց, որ թե՛ իր, թե՛ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները, ինչպես նաև հավաքած փաստերն ուղարկվել են մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին։ «Ես անձամբ անընդհատ կապի մեջ եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ, հատկապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների դիվանագիտական առաքելության ղեկավարներին ներկայացնում եմ մարդու իրավունքների պաշտպանության համար ստեղծված ռիսկերն ու խնդիրները։ Հարկ է նշել, որ որպես պաշտպանական հաստատություն, մեր արձանագրումներն ու հետևությունները որևէ քաղաքական ենթատեքստ չեն պարունակում, և բնականաբար այս բոլոր արձանագրությունները մտահոգիչ են նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների համար»,- ասաց նա:
Ադրբեջանի կողմից հոգեբանական ճնշումների վերաբերյալ նա նշեց, որ փետրվարի վերջից և մարտի սկզբից բազմիցս հայտարարել և տեղեկատվություն է փոխանցել միջազգային հանրությանը, որ Խրամորթում, Նորաշենում, Կրկժանում ունեցանք խաղաղ բնակչությանն ուղղված, բնույթով ահաբեկող սպառնալից հայտարարություն-նախազգուշացումներ, որոնք ուղղակի ապացույցն են Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափման հետևողական քաղաքականության:
«Հատկանշական է, որ այն գյուղերում, որտեղ եղել են նման ձայնագրություններով հոգեբանական ճնշումները, դրանց հաջորդել են ինտենսիվ կրակոցներ, այդ թվում՝ մեծ տրամաչափի ականանետներից, ունեցել ենք մեկ քաղաքացիական անձի վիրավորում։ Բացի այս, մուսուլմանական աղոթքների ձայնագրությունները տարբեր, այդ թվում գիշերային ժամերին բարձր միացնելը բնակավայրերին շատ մոտ, ապացուցում է կրոնական թշնամանք հրահրելու և անձանց կրոնական զգացմունքները վիրավորելու ադրբեջանական կողմի մտադրությունը: Ուստի, պետք է նշեմ, որ մեր կողմից շարունակաբար բարձրաձայնվող՝ կրոնական ու էթնիկ հիմքով հայատյացության ու էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականությունը խիստ նյութականացված է վերջին օրերի ու շաբաթների իրադարձություններում»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կիսում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գնահատականը, թե «զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար, Քրիստիննե Գրիգորյանն ասաց, որ որևէ կերպ չի մեկնաբանում Մարդու իրավուքների նախկին պաշտպանների հայտարարությունները և գնահատականները։
«Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ որպես պաշտպան կարևոր եմ համարում անվտանգային հարցերում մարդու իրավունքակենտրոն մոտեցումները կայացվող որոշումների հիմքում դնելու մոտեցումը և այս առումով սահմանային անվտանգության ամրապնդման համար լրացուցիչ մեխանիզմների մասին քաղաքական ղեկավարության, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանի կողմից արվող հայտարարությունը կարևոր եմ համարում հենց շփման գոտում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության և այլ իրավունքների երաշխավորման առումով։ Հատուկ կուզենայի շեշտել, որ արտաքին անվտանգային հարցերում յուրաքանչյուր դերակատար, ում խոսքը լսարան ունի, պետք է առաջնորդվի առնվազն չվնասման սկզբունքով»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ վարչապետը կառավարության վերջին նիստին ահազանգեց, որ Ադրբեջանի զինված ուժերը բացի այն, որ ներխուժել են ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, շարունակում են ԼՂ մի շարք գյուղերի բնակչությանը ահաբեկող ամենօրյա հայտարարություններ անել բարձրախոսներով: «Իսկ բարձրախոսներով մարդկանցից պահանջում են լքել իրենց տները՝ հակառակ դեպքում սպառնալով ուժի գործադրմամբ իրենց հեռացնել այնտեղից. սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է: Հայ առաքելական քրիստոնյա հավատքի բնակչություն ունեցող գյուղերի համար նույնիսկ գիշերային ժամերին ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական ազան են միացնում»,- ասել է նա: