Վերջին օրերին Արցախի հանրային դաշտում սկսել է տարածում ստանալ հանրաքվե անցկացնելու միջոցով Ռուսաստանի կազմ մտնելու թեման: Սոցիալական ցանցերի տարբեր օգտատերեր, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ, իրենց գրառումների մեջ առաջ են քաշում այդ գաղափարը՝ նշելով, որ Արցախին սպառնացող գոյութենական մարտահրավերների պարագայում դա միակ լուծումն է, որը կարող է ապահովել Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: Ստեփանակերտում բավական հիմնավոր մտավախություններ կան, որ ադրբեջանական այս վերջին սրացումը միայն գործընթացի սկիզբն է, և Բաքուն մոտ ապագայում փորձելու է զավթել արցախյան մի շարք այլ գյուղեր ու վերահսկողություն հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների նկատմամբ՝ իրականացնելով սողացող օկուպացիայի ու էթնիկ զտման քաղաքականություն: Թեման «Առաջին լրատվական»-ը քննարկել է Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ:
Արզումանյանի դիտարկմամբ, եթե այսպես շարունակվի, Արցախը կգնա Վանի, Էրզրումի ճանապարհով․ «Մտածել ինչ-որ մեկը կգա մեզ կփրկի, սխալ մոտեցում է: Արցախի փրկությունը կախված է հայ ժողովրդի կամքից»: