
Ապրիլի 2-ին՝ ժամը 14:45-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի ռեստորաններից մեկի մոտ հրազենային վիրավորում ստացած տղամարդ կա, նրան տեղափոխում են հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ժամը 15:00-ին էլ հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «աջ սրունքի միջին 3-րդ գծային մակերեսի վերք, հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա տղամարդ: Հինգ րոպե անց հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. «ձախ նստատեղի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 42-ամյա տղամարդ:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում ծագած վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակել էր հիվանդանոց տեղափոխվածներին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 4 պարկուճ և 2 գնդակ:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Ապրիլի 2-ին 29-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ ներկայացնելով 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակը:
Երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: