
Ապրիլի 2-3-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն, որը Հայաստանում հանդիպեց արտաքին գործերի նախարարի, ԱԺ նախագահի, Հանրապետության նախագահի և վարչապետի հետ: Դի Մայոն Հայաստանում հանդիպումների ընթացքում քննարկել է երկկողմ կապի խորացման հեռանկարը, ինչպես նաև Իտալիայի աջակցությունը հայտնել ՄԽ համանախագահության և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին՝ միտված ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսությանը:
Իտալիայի արտգործնախարարի այցը կարևոր քաղաքական իրադարձություն է: Իտալիան եվրոպական և միջազգային նշանակալի դերակատարում ունեցող պետություն է: Այն Եվրամիության ու ՆԱՏՕ, միաժամանակ նաև Մեծ Յոթնյակի անդամ պետություն է: Սա քաղաքական կարգավիճակ է, որն անկասկած ունի իր նշանակալիությունը միջազգային հարաբերություններում: Իսկ դրանք ներկայումս մի շրջափուլում են, որտեղ ահռելի տուրբուլենտությունն ու անկանխատեսելիությունը պահանջում է բազմակողմ ինտենսիվ դիվանագիտություն այն երկրներից, որոնք գտնվում են խոշոր խաղացողների մեծ խաղի ազդեցության տիրույթում: Միևնույն ժամանակ, Իտալիայի հանգամանքը ուշադրության է արժանի թերևս նաև նրանով, որ լինելով հավաքական Արևմուտքի մաս, Իտալիան այդուհանդերձ տարիների ընթացքում որոշակի հարաբերությունների մեխանիզմ էր մշակել Ռուսաստանի հետ, ինչը Հայաստանի համար ունի պրակտիկ նշանակություն: Նշանակություն այն իմաստով, որ Հայաստանի համար շատ կարևոր է բազմակողմ դիվանագիտական աշխատանքի այն «ճարտարապետությունն» ու կառուցվածքը, որը՝ որևէ մի կողմի հետ աշխատանքը ինքնաբերաբար չի «դիրքավորում» մեկ այլ կողմի դեմ: Իսկ Ռուսաստանի պարագայում, հաշվի առնելով մի շարք հայտնի իրողություններ ու հանգամանքներ, Հայաստանն այդ առումով բավականին զգայուն է, հետևաբար հանգամանքը, որ կա Իտալիայի պարագայում, ունի իր ուրույն նշանակությունը այդ զգայունության տեսանկյունից:
Այդ ամենով հանդերձ, Իտալիայի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարած պաշտոնական այցը կարևոր հարթակ էր Հայաստանի համար ռեգիոնալ ու նաև եվրոպական օրակարգի էական հարցեր քննարկելու տեսանկյունից և պետք է ակնկալել, որ այդ իմաստով Երևանին հաջողվել է շոշափել առարկայական հարցեր: Ի դեպ, այդ առումով իհարկե Լուիջի դի Մայոյի հայաստանյան այցը Երևանի ու Հռոմի առաջին շփումն է 44-օրյա պատերազմից հետո, սակայն ոչ թավշյա հեղափոխությունից հետո: 2019-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կատարեց Իտալիա, հանդիպելով այդ երկրի վարչապետի և խորհրդարանի ղեկավարների հետ: Ի դեպ, վարչապետ Փաշինյանի Իտալիա այդ այցի ընթացքում էր միջադեպը, երբ Միլանի հայկական եկեղեցում տեղի հայ համայնքի հետ Հայաստանի վարչապետի հանդիպմանը «հաջողել» էր ներթափանցել նաև ոմն ադրբեջանցի, արցախյան կարգավորման թեմայով հարցեր ուղղելով Փաշինյանին: Ավելի ուշ պարզվեց, որ այդ անձնավորությունը Ադրբեջանի իրավապահ համակարգի աշխատակից էր: