
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 2-ին տեղի է ունեցել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը ներկաներին շնորհավորել է ցուցահանդեսի կայացման առթիվ, ապա շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին և բոլորին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ցուցահանդեսի կայացման գործում։
«Հատկապես կուզեմ նշել ՀՀ պաշտպանության նախարարության, միջգերատեսչական հանձնաժողովի, Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի, Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միության աշխատանքը՝ ցուցահանդեսին իրենց ակտիվ և մեծ աջակցության համար։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմին՝ միջոցառման աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու համար»,- ասել է նա։
Դավիթ Սահակյանն առանձնակի շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ում բարձր հովանու ներքո անցկացվել է միջոցառումը:
Միջոցառման փակման հանդիսավոր արարողության ավարտին՝ Դավիթ Սահակյանը հավաստագրեր է հանձնել ցուցահանդեսի մասնակից ընկերություններին։ Նա ընդգծել է, որ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը բավական արդյունավետ էր. միջոցառման շրջանակներում արդեն իսկ կնքվել են պայմանագրեր, ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ: