
Օրերս Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) երկրների արտգործնախարարների խորհրդի 48-րդ նիստում հերթական չորս հակահայկական բանաձևեր են ընդունվել, այդ թվում՝ «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի հետևանքների վերացում», «Ադրբեջանի Հանրապետությանը տնտեսական աջակցություն», «Հայաստանի ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի տարածքում գտնվող իսլամական մշակույթին պատկանող հուշարձանների ոչնչացում» և «Համերաշխություն Խոջալուի ջարդերի զոհերին»։ Նշված է, որ «այս փոխհատուցման վճարման պատասխանատվությունը կրում է Հայաստանը»:
Այս առնչությամբ միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Դա քաղաքական փաստաթուղթ է, մեզ համար որևէ իրավական ուժ չունի: Քաղաքական դիվանագիտական պատասխան, ենթադրում եմ՝ անհրաժեշտ է, չի կարելի անհետևանք թողնել դա»:
Հնչող տեսակետներին, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի Իսլամական պետությունների կազմակերպությանը բացատրելու, որ իրենք հիմնվում են բացառապես ադրբեջանական տեղեկատվության վրա, նա ասաց. «Պետք է յուրաքանչյուր անդամ պետության հետ աշխատել: Ընդ որում՝ որոշ պետությունների հետ բավականին լավ կապեր ու հարաբերություններ կան: Այնպես չէ, որ մահմեդական աշխարհի հետ Հայաստանը վատ հարաբերություններ ունի: Շատ մահմեդական երկրների հետ Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի, առաջին հերթին արաբական մի շարք երկրների հետ: Շատ մեծ պոտենցիալ կա աշխատելու, ըստ այդմ՝ պետք է տանել աշխատանք, որ այդ երկրներն ավելի տեղեկացված լինեն»:
Ադրբեջանը հսկայական վնասներ է պատճառել հայկական կողմին․ միջազգային իրավունքի մասնագետի խոսքով, ցավոք, այս հարցում մեր պետությունը մշտապես պահպանել է տարանջատման սկզբունքը։ Այս պահին, Խզմալյանի խոսքով, պահանջները, որոնք հնարավոր է ներկայացնել, հայկական կողմը ներկայացրել է իրավական հարթության մեջ Արդարադատության միջազգային դատարանում․
«Իրավական պահանջների մասով, ցավոք, մեր ռեսուրսները, այդքան մեծ չեն, բայց օգտագործվում են»,-ասաց Արա Խզմալյանը։
Հարցին՝ որքանով է արդարադատության միջազգային դատարանը ապաքաղաքական որոշումներ կայացնո՞ւմ, նա նշեց, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը քաղաքական է․ Ռուսաստանից պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական ներխուժումը Ուկրաինա՝ դատարանը քաղաքական որոշում կայացրեց․
«Հուսանք, որ սա բացառիկ դեպք է, սա խոսում է ոչ թե դատարանի ընդհանուր մոտեցման մասին, այլ իրավիճակի բացառիկության։ Չեմ տեսնում հիմքեր, որ դատարանը առհասարակ վերածվում է քաղաքական մարմնի, պարզապես այս դեպքում գործ ունեինք շատ սուր քաղաքական բացառիկ իրավիճակի հետ, և չեմ կիսում այդ արձագանքի իրավական բաղադրիչը, համենյան դեպս, ես չեմ տեսնում հիմքեր, որ դատարանը վերջնականապես քաղաքականացվում է»,-ասաց Խզմալյանը։