
«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ:»
Այս տողերը զետեղված են մեր անկախության հռչակագրում, որն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին։ Իսկ Սեպտեմբերի 21-ը մենք նշում ենք որպես անկախության օր։
Ի՞նչ է անկախությունն առհասարակ։ Դասական սահմանումներից մեկն ասում է, որ անկախությունը պետք է բնութագրվի հետևյալ հիմնական հատկանիշներով. նպատակների ու պահանջների և դրանց հասնելու մեթոդների ինքնուրույն որոշում, սեփական հնարավորություններով հարցեր և խնդիրներ լուծելու ունակություն, այս կամ այն վարքագծի ընտրության ազատություն։
Այս սահմանումն ասում է, որ անկախության ձեռքբերման հետ մենք ստացել ենք մեր ապագան ինքնուրույն կանխորոշելու, մեզ համար ճակատագրական որոշումներ կայացնելու ազատ իրավունք։ Որ ավելի պարզ լինեմ․ հիմա մեզանից յուրաքանչյուրն ազատ է առավոտյան նախաճաշին ուտել ինչ ինքն է ուզում, աշխատանքի գնալիս հագնել ցանկացած հագուստ, ազատորեն ընտրել քաղաքական հայացքներն ու հարել տարբեր գաղափարների, մենք ազատ ենք մեկնել մեր ուզած երկիր՝ հանգիստ կազմակերպելու համար։ Մենք ազատ ենք անուններ ընտրել մեր բալիկների համար, ազատ ենք արտահայտել մեր կարծիքն ու պայքարել մեզ ազատությունների ու իրավունքների համար։ Մենք ազատ ենք ընտրել, չէ՞, I-Phone բռնենք, թե Սամսունգ, ազատ ենք ընտրել ցանկացած ղեկավարի ու անգամ գահընկեց անել վերջինիս։ Մենք ազատ ենք վարվել մեր ժամանակի հետ ինչպես կցանկանանք։ Հիմա մի պահ պատկերացնենք, որ այդ բոլոր ազատությունները ձեր ձեռքից խլում են։ Ասենք՝ խլում են սիրելի ԱՅՖՈՆՆ ու դրա փոխարեն ստիպում թղթի նամակներ գրել, արգելում են մեկնել Եգիպտոս հանգստանալու ու սահմանափակում են ձեր ճանապարհորդություններն օրինակ՝ 15 պետությունների սահմաններում։ Մի պահ պատկերացնենք, որ ձեզնից խլել են ձեր սիրած ֆիլմերը նայելու հնարավորությունն ու պարտադրում են դիտել այն, ինչ որևէ այլ մեկը կորոշի։ Ցավոտ է, չէ՞։ Ուրեմն պետության անկախության կորստի դեպքում էլ է այդպես լինում, երբ պետությունն այլևս իրավունք չի ունենում ընտրել իր՝ ուրույն ճանապարհն ու ստիպված է լինում համակերպվել վերադաս պետության պահանջների, օրենքների ու կարգերի հետ։ Հենց դրա մեջ էինք մենք գտնվում 70 տարի՝ ԽՍՀՄ տարիներին, դրանից առաջ էլ՝ սրա-նրա լծի տակ, երբ ամրանում էինք մեր հողում, բայց էդ հողը մեր սեփականությունը համարվել չէր կարող։
Ի վերջո, 1991-ին մեզ տրվեց մեր հողում մեր կյանքն ինքնուրույն կազմակերպելու հնարավորությունը, որը մենք, արդար լինենք, մսխեցինք, որովհետև չհասկացանք, թե ինչ գերագույն արժեք է մեզ բաժին հասել, այնպիսի արժեք, որ չունեն տասնյակ միլիոններով քրդերն ու միլիոնավոր կատալոնացիները, տիբեթցիներն ու բասկերը։ Հիմա էլ, մեր անկախության ձեռքբերումից ընդամենը 30 տարի անց մեզ կրկին կանգնեցնում են ընտրության առաջ․ լինել, թե չլինել։ Մեզ կանգնեցնում են վատի ու վատագույնի ընտրության առաջ․ դառնալ միութենական գոյացություն ու կրկին հրաժարվել անկախությունից, կամ դրա փոխարեն դառնալ թուրքական վիլլայեթ։ Վերջին, առնվազն 100-150 տարում պատմությունը կրկնվում է մի քանի անգամ։ Մեզ համոզում են, որ մեր տարածաշրջանից անդին այլ աշխարհ չկա։ Մեզ փորձում են կառավարելի ընտրության տիրույթում պահել՝ մի կողմից գլխներից կախելով թուրքական յաթաղանը, մյուս կողմից՝ կոմունիստական մանգաղը։ Մենք այդպես էլ չհասկացանք, որ թեպետ աշխարհի ամենաբարենպաստ միջավայրում չենք ապրում, բայց դա դեռ չի նշանակում, թե մեր երգը երգված է, մեր ապագան էլ՝ կանխորոշված։ Զգացե՞լ եք, թե ինչպես են տարբեր խոսող գլուխներ բոլորիս օրնիբուն համոզում, թե մեզնից ոչինչ կախված չի, որ մեր փոխարեն արդեն ամեն բան որոշված է, թե ավելի լավ կլինի, որ ուրիշի կառավարման տակ լինենք, միևնույն է մենք ինքներս գլուխ հանել չենք կարողանում։ Սրանք հայրենիք կորցրած, հայրենիքից վաղուց արդեն հրաժարված, հայրերին դավաճանող խմբակներ են, որոնց նպատակն է համոզել ձեր ձեր անկարողության մեջ։ Դրանք այն խմբակներն են, որոնք նոր խորհրդային կարգերի մեջ լինելու են կուսակցական նոմինկլատուրայի հոռի ներկայացուցիչներ, դանոսներ գրողներ, որոնք լինելու են թուրքական իշխանության հետ հախ ու հաշիվ հաշվարկողներ, հանրային դաշտում հայրենասիրական թեմաներով դոշ ծեծողներ, բայց կաբինետներում թղթեր ստորագրողներ։ Իսկ նրանք, որոնք իրոք անկախության համար ընկնելու են բաց դաշտերում, թնդանոթների տակ, բանտերում սառչելու ու մեռնելու են լուռ հանուն հանրապետության՝ մնալու են չլսված։
Ինչևէ․․․ մեզ այժմ համոզում են, որ կա երկու ընտրություն, ի դեպ՝ կառավարելի ընտրություն․ դառնալ միութենական պետություն, ինչպես Ռոբերտ Քոչարյանն է գուժում կամ թուրքական վիլլայեթ։ Ջնջեք այս ընտրությունները․ դրանք չկա։ Կա մեկ և ամենաճշմարիտ ուղին․ մնալ անկախ, ազատ, սահմանել նպատակներ, ստեղծել ներքին համերաշխություն, ներկրել համահայկական ներուժն ու կոնսոլիդացնել ազգային նպատակների շուրջ։ Այս ամենի հետ լինել իրատես ու պաթոսախեղդ չլինել, հաշվարկել կարողություններն ու փնտրել հնարավորություններ։ Փնտրել մեր քթից այն կողմ, ավելի հեռու։ Ի վերջո, աշխարհը սկսվում է Ճապոնիայից՝ արևելքում ու ավարտվում Ալյասկայով՝ Արևմուտքում, հյուսիսից աշխարհը սկսվում է Ռուսաստանով, բայց հարավում արդեն ավարտվում է Հարավաֆրիկյան Հանրապետությամբ ու Ավտսրալիայով։ Ամբողջ աշխարհը Թուրքիա ու Ռուսաստան չի, ամբողջ աշխարհը ԵԱՏՄ ու ԱՊՀ չի։ Աշխարհում Չինաստան ու Հնդկաստան կա, Բրազիլիա ու Ինդոնեզիա։ Թե շատ հեռուն էլ չգնանք, քթներիս տակ սովորի բարդույթից էլ չկտրվենք, ապա Իրան ու Արաբական աշխարհ կա, որոնց հետ մենք գործակցում ենք նվազագույն պոտենցիալով։
Մեր անկախությունն ու ազատությունը գերագույն արժեք է, որը հնարավոր է լինելու պահպանել միմիայն հեռուն նայելով։ Կարճատեսությունն ինչպես քաղաքական, այնպես էլ աշխարհաքաղաքական մեզ հանգեցնելու է լծի, որից մենք այլևս երբեք չենք կարողանալու ձերբազատվել։ Ի վերջո, պետք է գիտակցել, որ եթե Հայաստանը կորչի աշխարհի քարտեզից հիմա, ապա այլևս երբեք համաշխարհային քարտեզի վրա չի հայտնի։ Ապա էլ ում է պետք մեր հայ լինելը, եթե մենք պետություն չունենք։ Հայ ենք մնում զուտ պատմությանը չդավաճանելու՞ համար։ Ինչևէ․․․ մեր պատմության այս բարդագույն շրջափուլում մենք պարտավոր ենք կամք դրսևորել, ճկուն լինել, չվախենալ փնտրել նոր ուղիներ, նոր ուղղություններ, նայել աշխարհի տարբեր ծայրեր, գտնել մեր շահերին համապատասխանող շահեր նախկին ԽՍՀՄ-ից զատ տարածքներում, չթաղել մեզ թուրքական վախերի մեջ, չսարսափել, որ ուր որ է, մեզ կցեղասպանեն։ Մեր ցեղասպանությունը թույլ տվողը ինքներս ենք եղել ու հիմա ունենք պատմական հնարավորություն նման բան այլևս երբեք թույլ չտալու, քանի որ Հայաստանը բնավ էլ 1900-ականների սկզբի հետամնաց ագրարային միավորը չէ, այլ բազմաթիվ բանիմաց մասնագետներ ու համահայկական ահռելի ներուժ ունեցող պետություն։ Որոշները կարող են մեղադրել, թե ռեալ պոլիտիկն այլ կանոններ ունի։ Կհակադարձեմ․ ռեալ պոլիտիկը ձևավորվում է պետության կողմից իրականացվող պետականամետ քաղաքականության շնորհիվ, այն չի ընկնում երկրների գլխին, այլ գրվում է մարդկանց ձեռամբ՝ ելնելով այդ մարդկանց բարոյական ու արժեհամակարգային պատկանելիությունից։
Լուսանկարը՝ panorama.am-ի