
Հետպատերազմյան փուլում տարածաշրջանում ձևավորված ռազմ-քաղաքական, անվտանգային նոր միջավայրը պարտադրում է գտնել նախկինում մեզ համար գուցե խորթ թվացող լուծումներ, խոսել լուծումների մասին, որոնք նախկինում անընդունելի անգամ կարող էին թվալ, բայց այժմ կենսական անհրաժեշտություն են դարձել։ Ռուս-ուկրաիանական պատերազմը ցույց տալիս, թե որքան արդյունավետ են գործում արևմտյան մոդելով առաջնորդվող ռազմական համակարգերը։ Զորօրինակ՝ Ուկրաինայի նորաթուխ բանակը, որն իր այս տեսքով ձևավորվել էր ընդամենը 8 տարի առաջ, այսօր կարողանում է հակազդել հարյուրամյա ռազմական ավանդույթներ ունեցող ռուսական բանակին։ Որևէ մեկն աշխարհում չէր ակնկալում, որ ուկրաինացիները կարող են արդյունավետ պաշտպանվել։
Անկեղծորեն՝ Հայաստանում ևս նման հավատ չկար ու սպասվում էր, որ Կիևը ռուսները վերցնելու են 72 ժամում, իսկ ամբողջ Ուկրաինան կհանձնվի հաշվված օրերի ընթացքում։ Մեկ ամիս է արդեն, որ ռուսական շուրջ 200 հազարանոց բանակը դեռ չի լուծել իր առաջ դրված խնդիրը։ Ինչու՞ եմ ասում, որ չի լուծում․ եթե լուծած լիներ, ապա մենք տեսած կլինեինք այդքան սպասված Պուտին-Զելենսկի հանդիպումը, որը տեղի է ունենալու միայն այն դեպքում, երբ կողմերը հանգեն կոնսենսուսի։ Այս պահին նման բան չի դիտարկվում։ Մարտերը շարունակվում են։ Եվ, վերադառնալով պատերազմի տեսակին, հասկանալի է դառնում, որ Ուկրաինան դեռ երկար է մարտնչելու՝ մինչև չհասնի Կիևի համար նվազագույն վնասներով այս խաղից դուրս գալու հանգրվանին։ Այդ առումով ուկրաինական դիվանագիտության իսկական ապավենն այս պահին ուկրաինական բանակն է, որը որդեգրել է տարածքային ինքնապաշտպանության, պարտիզանական մեթոդները, որոնք օրըստօրե ավելի ու ավելի են մաշում ռուսական բանակի առաջխաղացման տեմպերը՝ ամեն կերպ կոտրելով ռուսական առաջ գնացած զորքերի լոգիստիկան, բարդացնելով թիկունքային ապահովումն ու առաջնագիծը թողնելով առանց պատշաճ սպասարկման։ Սրան Ուկրաինան հասավ ամբողջական մոբիլիզացիայի, ուկրաինացիներին համատարած զենք բաժանելու ու մի շարք այլ ճանապարհներով։
Ռուսական զորքը, փաստորեն, դանդաղում է ոչ այնքան ուկրաինական կանոնավոր բանակի, որքան համաուկրաինական գիտակցման, ասել է, թե մեկ տղամարդ-մեկ զենք սկզբունքի շնորհիվ։ Ռուսական զորքերին միտումնավոր ներքաշում են բնակավայրերի տարածքներ ու քաղաքային մարտերում հասցնում զգալի կորուստներ։ Մենք վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ որդեգրել էինք զուտ ռուսական մարտավարություն, մենք ամեն կերպ փորձում էինք առճակատվել ադրբեջանցիների հետ, այն դեպքում, երբ թշնամին ամեն կերպ խույս էր տալիս անմիջական մարտից ու մեզ կորուստներ էր պատճառում հեռվից, առանց մարտի բռնվելու։ Ցավոք մեր ոչ կոմպետենտ վերաբերմունքի և այլոց պատերազմների վրա չսովորելու ունակության բացակայության պատճառով չկարողացանք նույն ռազմավարությամբ առաջնորդվել պատերազմում ու տապալվեցինք։ Հիմա մի պահ պատկերացնենք, թե ինչ ընթացք կունենար պատերազմը, եթե Ստեփանակերտի 100-հազարանոց բնակչության ձեռքերին լիներ առնվազն 40-50 հազար հրաձգային զենք։ Ինչ կլիներ, եթե զենք բռնել կարողացող յուրաքանչյուր հայ տղամարդու ձեռքին մեկական ինքնաձիգ լիներ։
Ստացվեց, որ Հայաստանում կա շուրջ 1 միլիոն զինվոր։ Ենթադրելի է, չէ՞, թե ինչ ջղաձգումներ կունենար թշնամին, երբ հաշվարկեր իր կորուստները՝ հարձակվելով ձեռքի վրա 1 միլիոն միավոր զենք ունեցող պետության վրա։ Եթե անգամ որոշեր գնալ նման արկածախնդրության, ապա թշնամուն հնարավոր կլիներ մաշել շատ արագ ու արդյունավետ՝ տարածքային ինքնապաշտպանության, աշխարհազորի ու կանոնավոր բանակի ներդաշնակված գործողությունների շնորհիվ։ Ավելի պարզ։ Երբ ադրբեջանական զորքերը մեկնարկեցին իրենց հարձակումը Արցախի հարավից՝ Հորադիզից դեպի Ջրական, ապա Կովսական, եթե հայկական բնակավայրերը լինեին խիտ, իսկ այդ գյուղերի բնակչությունն էլ առնվազն մի քանի տասնյակ տնտեսություն ունենար ամեն բնակավայրում, ապա հազարավոր տղամարդիկ ինքնապաշտպանության միջոցով կկարողանային նախ ահագին կասեցնել թշնամու ընթացքը, ապա մեջքից կտրել ու կտոր-կտոր, պարտիզանական հարձակումներով մաշել ադրբեջանցիներին՝ թույլ չտալով խորանալ Արցախի խորք։
Ուկրաինացիներն արեցին դա․ սկզբում կար մտավախություն, որ սա անկառավարելի կդարձնի Ուկրաինայում քրեական ու օպերատիվ իրադրությունը։ Դա տեղի չունեցավ, որովհետև ուկրաինացիների մոտ կար համախմբման ու թշնամու դեմ պայքարելու գիտակցում։ Մենք ևս կարող ենք ձևավորել այդ գիտակցումը՝ դիմելով օրենսդրական համապատասխան դաշտի լավարկմանն ու հասարակության հետ ակտիվ տեղեկատվական աշխատանքին։ Զենքի ազատականացումը մինչև 2025 թվական ունենալու է մեզ համար կենսական նշանակություն։ Ամեն բնակավայրում քաղաքացիական հրաձգարանների ստեղծումը ևս առանցքային է դառնալու մոտակա 2-3 տարիների ընթացքում։ Դպրոցներում ռազմագիտության դասավանդման մակարդակի շեշտակի բարձրացումը հանգեցնելու է քաղաքացիական պաշտպանության ոլորտում մեր հասարակության գիտակցման և հմտությունների ավելացմանը։
Մի շարք կոմպլեքս ու կարճաժամկետ գործողություններով Հայաստանն այլևս ստիպված չի լինելու անվտանգություն մուրալ այլոցից, այլ ունակ է դառնալու կազմակերպել իր պաշտպանությունն ինքնուրույն՝ առանց երկրորդ ու երրորդ կողմի կիսատ-պռատ դաշնակցության ու աջակցության։ Այս ուղղությամբ, կարծես, առաջին քայլերն իրականացվում են ու շրջանառության մեջ է դրվել զենքի մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը թույլ է տալու յուրաքանչյուր ցանկացողին ձեռք բերել զենք՝ անցնելով որոշակի քննություն։ Մինչև քննադատողները կասեն, թե չի կարելի, մարդիկ կսկսեն միմյանց սպանել՝ պարզապես հիշեցնեմ, որ Շվեյցարիայի պես երկրում մարդկանց ձեռքերի վրա կա շուրջ 2,3 միլիոն զենք, այսինք յուրաքանչյուր 4-րդ շվեցարացու տանը կա հրաձիգ, իսկ սպանությունների մակարդակով Շվեյցարիան աշխարհի ամենաանվտանգ պետություններից առաջին հնգակյում է։