
Վրաստանի կողմից չվերահասկվող Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը ապրիլի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ խոստանում է մոտ ապագայում միանալ Ռուսաստանին։
Հատկանշական է, որ Բիբիլովը նախկինում բազմիցս նման հայտարարություններ է արել։
«Օս ժողովրդի հիմնական, պատմական և ռազմավարական նպատակը Ռուսաստանի հետ միավորումն է։ Առաջիկայում մեր կողմից կձեռնարկվեն համապատասխան իրավական քայլեր։ Հարավային Օսիայի Հանրապետությունը կվերադառնա իր պատմական հայրենիք՝ Ռուսաստան»,- մարտի 30-ին Բիբիլովի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Հարավային Օսիան և Աբխազիան 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց որպես անկախ պետություններ։
Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ Ռուսաստանը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներից մինչ այժմ Ուկրաինա է ուղարկել 2 000 զինծառայող։
Համացանցում և հաճախ նաև պաշտոնական Ատեփանակերտի մակարդակում հնչող հայտարարությունները Ղարաբաղի ու Հարավային Օսիայի համամետությունների վերաբերյալ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ոչ պրոդուկտիվ է համարում․ «Հյուսիսային Օսիան ու Ղարաբաղը տարբերվող են անկախ տիրող տրամադրություններից՝ լինի դա Արցախում թե Հայաստանում։ Հարավային Օսիայի պարագայում այս դիսկուրսը պարբերաբար հնչեցվում է իշխանությունների կողմից։ Նրանք որոշակի պարբերականությամբ պատրաստվում են հանրաքվե անցկացնել, միանալ Ռուսաստանին։ Չգիտեմ թե այս անգամ ինչով է պայմանավորված այդ հայտարարությունը և թե ինչքանով այդ ամենի համար կա հնարավորություն։ Բայց Արցախի դեպքում իհարկե գործում է այլ տրամաբանություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Գրիգորյանի՝ Ռուսաստանը Արցախի հարցում նման մոտեցումներ չունի ու չի կարող ունենալ․«Ռուսաստանի համար չափազանց կարևոր են Ադրբեջանի հետ նորմալ հարաբերությունների պահպանումն ու ինչ-որ չափով նաև ապագայում սեփական ազդեցության գոտու տակ պահելը կամ այդ ազդեցությունը մեծացնելը։ Ուստի Արցախի պարագայում անիմաստ է նույնիսկ այդ հարցը քննարկել։ Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը դեռևս 2008 թվականին և մեծ հաշվով այդ հակամարտության մեջ կողմ է, ոչ թե միջնորդ։ Իսկ մեր համատեքստում Ռուսաստանի համար կարևոր է հենց այդ միջնորդի դերը, որը թույլ է տալիս ազդեցություն ունենալ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի վրա ու պահպանել ռազմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։ Ուստի հիմնական գործոնը իհարկե Ռուսաստանի մոտեցումներն են ու Ռուսաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Բոլոր մյուս գործոնները, հանրային կարծիքն ու Արցախից հնչող հայտարարությունները անիմաստ է նույնիսկ քննարկել»։
Մեր զրուցակիցը գտնում է, որ Արցախից եկող հայտարարությունները զուտ իմիջային առումով լուրջ վնասներ են մեզ հասցնում․ «Մեր գլխավոր նպատակը պետք է այն լինի, որ միջազգային հանրությանն ապացուցենք ու ցույց տանք այն տարբերությունները, որ գոյություն ունեն արցախի ու հետխորհրդային տարածքի այլ սառեցված հակամարտությունների կամ դե ֆակտո պետությունների միջև։ Ու այդ տարբերությունը միջազգային հանրությունը տարիներ շարունակ ընդգծում էր։ Այսինքն՝ միջազգային տարբեր դերակատարների մոտեցումներում հստակ երևում էր դա։ Նաև այս օրերին, երբ Արցախում սրացում տեղի ունեցավ՝ տեսանք Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի արձագանքը։ Եթե նմանատի սրացում տեղի ունենար Վրաստանում, էսկալացիա լիներ Աբխազիայում կամ Հարավային Օսիայում, ոչ ոք նույնիսկ Վրաստանին չէր էլ մեղադրի մեջ։ Իսկ ադրբեջանի դեպքում տեսնում ենք, որ բոլորը միաձայն նշեցին, որ էսկալացիայի պատասխանատուն Ադրբեջանն է ու կոչ արեցին Բաքվին հետ քաշել զորքերը նախնական դիրքեր»,-եզրափակեց նա։