ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կիլոմետրին հացատան խոհանոցում Հրազդան քաղաքի 46-ամյա բնակիչը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել 36 և 27 տարեկան տղամարդկանց ուղղությամբ: Կրակող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Մարտի 15-ին, ժամերի տարբերությամբ, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգեր էին ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Քաղսի գյուղի բնակիչներ 36 և 27 տարեկան տղամարդիկ։ Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տուժողները վնասվածքները ստացել են Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կիլոմետրին գտնվող հացատանը:
Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվեց քրեական գործ։
ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, հացատան խոհանոցում Հրազդան քաղաքի 46-ամյա բնակիչը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել տուժած տղամարդկանց ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ մարտի 30-ին տղամարդը ներկայացել է դեպքի նախաքննությունն իրականացնող մարմին: Նրան մեղադրանք է առաջադրվել։
Նշվում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: