
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)
-Պարոն Առաքելյան, պարադոքսալ չէ՞, որ ռուս գործարարները գալիս են Հայաստան, բայց Ռուսաստանում ապրող հայ գործարարները չեն շտապում իրենց բիզնեսները Հայաստան տեղափոխել։
-Դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի հայ գործարարները մեծ մասամբ ներգրավված են այն բնագավառներում, որոնք այսպիսի կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ տեղաշարժել և տեղափոխել Հայաստան: Դա հիմնականում առևտրի բնագավառն է, մի քիչ արտադրություն և մի քիչ էլ գյուղատնտեսության մեջ են ներգրավված: Բայց համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո, հաշվի առնելով մոտ ապագայում կանխատեսելի Ռուսաստանի ծանր տնտեսական իրավիճակը, դա տեղի կունենա: Մի քանի ամիսների ընթացքում որոշ չափով հայ գործարարներն իրենց բիզնեսների թեկուզ մի մասը կկարողանան տեղափոխել Հայաստան կամ այլ երկրներ:
-Էկոնոմիկայի նախարարը նշում է, որ եթե բնական գազի գինը ֆիքսենք ռուբլով, դա շատ մեծ հաջողություն կլինի։ Որքանո՞վ ճիշտ հաշվարկած քայլ կլինի սա:
-Կարծում եմ՝ նման տեսակետը իր տակ ռեալ հիմքեր ունի, քանի որ ապագայում ռուսական ռուբլին ունի արժեզրկվելու միտում, և այս պարագայում ամենակարևոր արտահայտությունը «ֆիքսած գներ» արտահայտությունն է, և եթե մեզ հաջողվի գազի գները ֆիքսել ռուսական ռուբլով, դա կնշանակի, որ ինչ-որ չափով ապագայում մենք գուցե կարողանանք դոլարային հաշվարկով ավելի էժան գազ ներմուծել Հայաստան:
-Ի՞նչ է սպասվում մեր տնտեսությանը, որը հսկայական խնդիրների առաջ է կանգնել ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով։
-Կարճատև հեռանկարում Հայաստանի տնտեսությունը կարող է որոշակի դիվիդենտներ քաղել ստեղծված իրավիճակից շնորհիվ նրա, որ Հայաստանը չի գտնվում այն պատժամիջոցների տակ, որի տակ հիմա գտնվում է Ռուսաստանը, և բազմաթիվ ռուսական բիզնես կառույցներ կփորձեն կազմակերպել իրենց աշխատանքը Հայաստանի տնտեսության միջոցով: Բայց կարծում եմ՝ դա շատ երկար չի կարող շարունակվել, քանի որ վաղ, թե ուշ, Արևմուտքը այդ ծորակը կփակի, կաշխատի փակել, և Հայաստանը կարող է հայտնվել մի պարզ ընտրության առջև՝ կամ ինքը մնում է Ռուսաստանի հետ և ենթարկվում է նույն պատժամիջոցներին, կամ Հայաստանը պետք է հեռանա Ռուսաստանի տնտեսական համակարգից և փորձի կառուցել նոր տնտեսական համակարգ Եվրոպայի ու Արևմուտքի հետ:
-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է, ամբողջ աշխարհը նույն վիճակում է, գնաճի աննախադեպ բարձր փուլում է, դեռ Հայաստանը մի փոքր ավելի լավ վիճակում է, ապրանքներ կան, որ մեզ մոտ էժանանում են: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է այս բարդ իրավիճակում ՀՀ կառավարությունը կարողանում գտնել ճիշտ լուծումներ:
-Չեմ կարող ասել, որ նման կարճ ժամանակաընթացքում ստեղծված իրավիճակում Հայաստանի կառավարությունը որոշ կոնկրետ քայլեր է ձեռնարկում տնտեսության զարգացման վերաբերյալ: Կարծում եմ՝ երևի թե դա հնարավոր էլ չի անել այսպես արագ: Բայց համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունը գոյություն ունի, քանի որ այսպես ասած, խաղի կանոնների փոփոխություն է տեղի ունեցել, որի պայմանները դեռ լիովին պարզ չեն: Այնունամենայնիվ, պետք է պարզ ու սթափ հասկանալ այն բանը, որ յուրաքանչյուր տնտեսություն կարող է զարգանալ միայն կայուն քաղաքական իրավիճակում: Վերջին մեկ ամսվա իրադարձություններից հետո կարելի է ստույգ ասել, որ Ռուսաստանը և ռուսական տնտեսական համակարգը մոտակա տարիների ընթացքում կայունացման չի բերի, իսկ Հայաստանը Ռուսաստանի հետ մի տնտեսական շղթայի մեջ մնալով, կայունացման մասին կարծում եմ՝ նույնպես կարող է մոռանալ: Այնպես որ, ինչքան շուտ Հայաստանի կառավարությունը կարողանա ճիշտ կողմնորոշում ունենալ, այնքան լավ մեր երկրի ապագայի համար: Բայց ինչ խոսք, այդ որոշումները պետք է ընդունվեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ավարտից հետո: