«Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ»,- ասվում է մարտի 28-ին տեղի ունեցած Հայաստանի անվտանգության խորհրդի նիստից հետո տարածված հաղորդագրության մեջ: Հայաստանի ԱԽ-ն կոչ է անում գործադրել զսպման միջազգային մեխանիզմները, նոր էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի և Ժողովրդավարական համախմբում կուսակցության անդամ, իրավաբան Վահե Թորոսյանի հետ:
Թորոսյանի խոսքով՝ պատերազմը ավարտված չէ, գուցե ունենանք տաք փուլեր, իսկ Ղևոնդյանն էլ իր հերթին նկատեց՝ Հայաստանը լավ չի պատրաստվել այն գործողություններին, որն ունեցել է նոյեմբերի 10-ից հետո: Մեր զրուցակիցների պնդմամբ՝ անվտանգային միջավայր ապահովելու միակ գրավականը ռազմավարական հստակ հայեցակարգ ունենալու մեջ է: