«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուս հեղինակավոր ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը։
-Պարոն Ֆելգենգաուեր, վերջին օրերին լարված իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանական զորքերը դիմել են առաջխաղացման և հետ չեն քաշվում՝ չնայած ՌԴ պաշտպանության նախարարության կոչին։ Ինչքանո՞վ է իրավիճակը պայմանավորված Ուկրաինայով Ռուսաստանի զբաղվածության հետ։
-Ամենայն հավանականությամբ՝ հենց այդպես էլ կա։ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով և հիմա Կովկասի, Ղարաբաղի «ժամանակը չէ»։ Առավել ևս, որ ինչքան ես եմ հասկանում հիմա հնարավորություն չկա նոր ուժեր մտցնելու, ռոտացիայի անհրաժեշտություն կա, ռազմական օպերացիան Ուկրաինայում ձգձգվում է։ Այս ամենը ակնհայտ է։ Եվ Բաքվում կարող էին մտածել, որ սա լուրջ հնարավորություն է վերջնականապես լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Ես չէի ասի, որ հիմա այդ ամենը շատ կոպիտ ու կտրուկ ձևով կսկսվի, բայց ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը գնալով ցույց է տալիս իր էլ ավելի մեծ անկախությունը Մոսկվայից։ Եվ տպավորություն է, որ Մոսկվայից բնավ չեն վախենում։ Հասկանալի է, որ եթե ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ գործողություններով ինչ-որ բան սկսվի Ղարաբաղում կամ Ղարաբաղի շուրջը, ապա Մոսկվան որևէ բան անել չի կարող, որովհետև ուժ չկա։
– Կան խոսակցություններ անգամ խաղաղապահ զորքերը դուրս բերելու մասին։ Նման հեռանկարը հնարավոր համարու՞մ եք։
-Կային հաղորդագրություններ, որ նման բան հնարավոր է։ Հիմա Կիևի մոտակայքում դեսանտային ուժերին փոխելու կարիք կա, բայց ես չեմ կարծում, որ խաղաղապահ առաքելությունն ամբողջությամբ կդադարեցվի։ Միգուցե փոխարինողներ լինեն։ Ռուսական ռազմական ներկայությունը հնարավոր է կրճատվի Ղարաբաղում և որ ամենակարևորն է ՝ չկա որևէ հնարավորություն սրացման դեպքում այդ զորքն ուժեղացնել, քանի որ լուրջ ռեզերվներ չկան։
-Այսինքն՝ Արցախի Անվտանգության խորհրդի դիմումը ՌԴ նախագահին ՝ ռուս խաղաղապահ զորակազմն ուժեղացնելու մասին, հետևանքներ չի՞ ունենա։
-Ես չեմ ակնկալում, որ նման բան լինի։ Ըստ իս՝ Մոսկվան կարհարմարհի այդ առաջարկը, որովհետև հիմա, եթե մեղմ ասենք՝ ձեր ժամանակը չէ։
-Հնարավո՞ր է Ադրբեջանի գործողությունները կապված լինեն նաև այն բանի հետ, որ ռուս խաղաղապահները միջազգային մանդատ չունեն Արցախում։
-Ո՛չ, ես այդպես չեմ կարծում։ Մանդատն ինքն իրենով ոչ ոքի ոչ մի բանից չի պաշտպանում։ ՄԱԿ-ի դրոշը ոչ մի երաշխիք չի տալիս։ Հարցն այն է, որ կար կարծիք, որ ռուսական զորքերը շատ հզոր են, բայց հիմա առաջ են եկել որոշակի կասկածներ այդ առումով։ Ռուսական Զինված ուժերը պարզվեց այդքան անհաղթ ու դաժան չեն, ինչպես շատերին էր թվում։ Հիմա ռեզերվները չեն բավարարում։ Բնական է, որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում ևս նվազելու է։
-Այդուհանդերձ՝ Ադրբեջանի գործողությունները հարված են նաև Ռուսաստանի հեղինակությանը։ Կարծում եք՝ Ռուսաստանի կողմից պատասխան կլինի՞։
-Ռուսաստանի հրապարակայնորեն մեղադրեց Ադրբեջանին գյուղ գրավելու, դիրքերը խախտելու համար։ Բայց հարցն է, որ Ռուսաստանը աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը Հարավային կովկասում՝ Ուկրաինայում իրականացվող հատուկ օպերացիայի պատճառով։ Առաջիկայում ինչ կլինի՝ դեռ հստակ չէ։