
Պատերազմներն, արդեն հայտնի է, միայն ռազմադաշտում չեն լինում։ Մեր օրերում դրանք առավել ընդգրկուն են ու էլ ավելի խորն են սողոսկում տեղեկատվական դաշտ՝ դառնալով հողի վրա իրականացվող ռազմական գործողությունների ամուր հենք հանրային տիրույթում։ Մեզ սա անծանոթ բան չի։ Վերջին՝ 44-օրյա պատերազմից առաջ ադրբեջանական կողմը հայկական տեղեկատվական տիրույթ արձակեց հազարավոր տեղեկատվական բայրաքթարներ, որոնք շարքից հանեցին հայկական տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու բազմաթիվ օղակներ։ Ի դեպ, ճիշտ նույն կերպ ինչպես մարտադաշտում, երբ ադրբեջանցիները ապահովագրեցին իրենց՝ Արցախյան երկնքում ազատ թռիչքային գոտին ու օդային գերակայություն ապահովեցին երկնքում։
Առաջին իսկ օրերին Ադրբեջանում արգելափակվեցին բազմաթիվ առցանց ռեսուրսներ, արգելափակվեցին սոցիալական ցանցեր։ Ադրբեջանի հասարակության տեղեկատվություն էր տրամադրում միայն պետությունը, այն դեպքում երբ մենք մեր երկրում լիակատար ազատություն շնորհեցինք ոչ միայն տեղեկատվական դաշտին, այլև ահագին նպաստավոր պայմաններ ստեղծեցինք՝ միջազգային լրատվամիջոցների ժամանման ու անխոչընդոտ տեղաշարժի համար, առանց հաշվարկելու, թե օտարերկրյա լրատվամիջոցները եկել էին օբյեկտիվ լուսաբանման, թե տեղեկատվության հավաքագրման նպատակով։
Մենք, ի դեպ, տանուլ տվեցին երկու ճակատներում, ինչպես տեղեկատվական, այնպես էլ ռազմական ու այդ ամենը՝ անփորձության, անտեղյակության ու մասնագետների ականջալուր չլինելու հետևանքով։ Նույնը տեղի չի ունենում ռուս-ուկրաինական ռազմական բախման տիրույթում։ Օրինակ՝ ուկրաինացիներն ակտիվորեն նախապատրաստվել էին ռուսական հարվածին՝ ապահովագրելով իրենց տեղեկատվական տիրույթը։ Ուկրաինայում կարճ ժամկետներում ստեղծվեցին ռազմական ու քաղաքական պրոպագանդային մասնագիտացված կառույցներ, ուղեղային կենտրոններ, լրատվական ծառայություններ, որոնք նպատակ ունեին խլացնել ու լռեցնել ռուսական պրոպագանդան՝ Ուկրաինայի տարածքում։ Դրան, իհարկե, ակտվորեն աջակցում էր արևմուտքը՝ Ուկրաինայի ձայն ավելի նլսելի դարձնելով, միաժամանակ արգելափակելով ռուսական ԶԼՄ-ների աշխատանքն ամբողջ աշխարհում։
Հիմա ռուսական մամուլը հասանելի է մեծամասամբ ազդեցության գոտի երկրներում և տեղում՝ Ռուսաստանում։ Ուկրաինական կողմը կիրառեց նույն մեթոդներն ինչ Ադրբեջանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ռուսաստանը ևս արգելափակում է սոցիալական բազմաթիվ ցանցեր, բայց դա ուղղված է ոչ միայն ուկրաինական պրոպագանդան ՌԴ տարածքում կանխելու, այլևս սեփական հանրությանը միայն ցանկալի տեղեկություններ փոխանցելու և հանրային լարումները պասիվացնելու համար։
Մենք ռուս-ուկրաինական տեղեկատվական հրետակոծության տակ հայտնվում ենք պարբերաբար։ Ադրբեջանական աղբյուրները Հայաստանը ներկայացնում են պրոռուսական քողի ներքո՝ նվազեցնելով Հայաստանի վարկը արևմտյան աշխարհում, իսկ մենք փորձում են կոտրել ռուս-ադրբեջանական դաշնակցության տեսիլքը՝ Մոսկվային հասկացնելով, որ Բաքվում Մոսկվայի հաղթանակը չեն ողջունում։ Սակայն կրկին, ինչպես մեր դիվանագիտության, այնպես էլ տեղեկատվական անկարողության պատճառով, օրինակ՝ օրերս Ուկրաինական ռադայի պաշտոնական թվիթերյան էջում հայտնվեց Ադրբեջանի գործողությունները Արցախում քաջալերող հրապարակում։ Այն, իհարկե, ջնջվեց, բայց ահագին խառնաշփոթ առաջացրեց Հայաստանի մոլի արևմտամետների ու ռուսամետների շրջանում։ Յուրաքանչյուրը մեկնաբանեց այդ լուրն ինչպես իր հայացքներին հարիր էր։ Շատերը նեղացան ուկրաինացիներից՝ ասելով, թե ադրբեջանցիներինց ոչնչով չեն տարբերվում, մյուսները՝ արդարացրին, թե Արցախը շտապել էր ողջունել Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչումը, ինչու ուկրաինացիները չպիտի աջակցեին էդ դեպքում ադրբեջանի ագրեսիան։ Ինչևէ․․․ մենք շարունակում ենք մնալ մեդիագրագիտության ոչ նախանձելի մակարդակի վրա։ Մեր հասարակությունը հեշտությամբ ուտում է ամեն բան, ինչ հրամցնում են ԶԼՄ-ները՝ առաջնահերթություն չտալով սեփական վերլուծություններին։ Եվ հենց այս համատեքստում է պետք դիտարկել ադրբեջանական կողմի հաջողությունները՝ մասնավորաբար տեղեկատվական դաշտում։ Եթե հենց այս պահին Յոթուբում հայատառ որոնեք Արցախ բառը, ձեզ կհրամցվի ադրբեջանական ԶԼՄ-ների պատրաստված տեսանյութ։ Սրա դեպ ինչպես տեղեկատվական, այնպես էլ ֆիզիկական դաշտում պետք է պայքար մղել։
Պայքար մղել հենց հայերին, որովհետև հստակ է, որ մենք միայնակ ենք ու ոչ ոք մեզ փրկության չի հասնելու ոչ մի դեպքում։ Ռուսներին հայկական երկու գյուղերի հարցը հուզում է ճիշտ այնքան, որքան օրինակ՝ Զանզիբարի հեռավոր, սահմանամերձ գյուղերում տեղի ունեցողը։ Ամերիկացիներին էլ է էդ հարցը հուզում ճիշտ այնքան, որքան ռուսներին է հուզում Խրամորթի հայ բնակիչների անվտանգության խնդիրը, հետևապես, Հայաստանի իշխանությունների գերակա մարտահրավերն է ռուս խաղաղապահներին բերել իրենց պատասխանատվության դաշտ, ստիպել իրականացնել այն, ինչ իրենց քավորությամբ դրվել էր ՀՀ իշխանությունների վզին՝ 2020-ի նոյեմբերի 9-ին։ Դրան զուգահեռ հարկ եղած դեպքում հայտարարել գոնե մասնակի մոբիլիզացիա՝ պաշտպանելու Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։ Սակայն Հայաստանի կողմից արված գրեթե բոլոր հայտարարությունները բառացիորեն ուղղված էին հենց Մոսկվային՝ կոչ անելով բան ձեռնարկել։ Ինչու՞ իրենց, որովհետև այս պատերազմը իրականություն դարձավ ոչ միայն նորանկախ Հայաստանի բոլոր իշխանությունների պետականությունից կտրված գործողությունների հետևանքով, այլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի դասավորման համատեքստում։ Որքա՞ն պիտի շարունակվի այս անտարբերությունը Հայաստանի ու արցախահայերի նկատմամբ։