
Ինչի հետ գործ ունեն Հայաստանն ու Արցախը՝ Արցախի շուրջ ստեղծված լարված իրավիճակի պայմաններում, երբ ՌԴ խաղաղապահների «քթի տակ» անջատվում է գազամատակարարումը և Ադրբեջանի զինուժն էլ առանց կրակոցի շարժվում է առաջ և զբաղեցնում Փարուխ սահմանամերձ գյուղը: Գործ ունենք ռուս-ադրբեջանական, կամ ռուս-թուրքական որևէ գործարքի՞, թե՞ Ուկրաինայի պատերազմի հետևանքով «շեղված» և որոշակիորեն թուլացած վիճակում գտնվող Ռուսաստանի հանդեպ թուրք-ադրբեջանական «գրոհի» հետ՝ Արցախում պոկել Ռուսաստանից ինչ հնարավոր է: Չափազանց բարդ է ստույգ ստանալ այդ հարցի պատասխանը: Առավել ևս, որ հնարավոր է երկուսը մեկում՝ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են օգտվել իրավիճակից, իսկ Ռուսաստանն էլ չունենալով համարժեք հակազդման ուժ և ամեն ինչ կենտրոնացրած լինելով ուկրաինական ուղղությամբ, հարկադրված է գնալ գործարքի: Ի վերջո մեկ գյուղը կամ որոշակի ժամանակահատվածով Արցախի գազամատակարարման դադարեցումը Ռուսաստանի համար էական չէ: Դա էական, կենսական է հայության համար, իսկ Ռուսաստանի համար՝ ոչ: Այդ մասին խոսել ենք բազմիցս, խոսում ենք, սակայն պարզ է նաև, որ պետք են լուծումներ:
Գնալ Ռուսաստանի դեմ, կնշանակի թերևս ոչ այնքան լուծում գտնել, որքան Ադրբեջանին ու Թուրքիային տալ Ռուսաստանից մեր հաշվին նոր կորզումներ անելու հնարավորություն, որովհետև Ռուսաստանը հազիվ թե գնա իրենից զգալիորեն կախված Հայաստանի դժգոհությունը բավարարելու, այլ ավելի շուտ կփորձի բավարարել Թուրքիայի և Ադրբեջանի կարիքները, որոնցից ինքն ունի նկատելի կախվածություն: Ի վերջո, դժբախտաբար Հայաստանի հանդեպ Մոսկվան ձևավորել է ուժի այնպիսի հիբրիդային պաշար, որ անգամ տարբեր ուղղություններով թուլանալու պարագայում, Հայաստանի ուղղությամբ դեռևս երկար ժամանակ ի վիճակի է պահպանել իր վնասելու առավելագույն կարողությունը, այդ գնով լուծելով իր համար նվազագույն հարցեր: Իրավիճակը մեզ համար իսկապես բարդ է, որը չի թողնում կարծես թե մի կողմից Ռուսաստանի հետ տքնաջան ու ինտենսիվ աշխատանքի, մյուս կողմից էլ այլ ուղղություններով դիվանագիտական ոչ պակաս ինտենսիվ քայլերի այլընտրանք:
Նկատելի է, որ Երևանն այսօր փորձում է անել դա, թեև առայժմ ոչ շոշափելի արդյունքով, քանի որ դեռևս չկա թե Արցախի գազամատակարարում, թե ադրբեջանցիների հետքաշում Փարուխից: Իհարկե դա չի նշանակում, թե չի լինի հաջորդիվ, սակայն պետք է խոստովանել նաև, որ իրավիճակն ակնհայտորեն զուտ «առիթից օգտվելու» տրամաբանություն չէ, որ ունի, հետևաբար որևէ լուծման պարագայում լինելու է բավականին բարդ ու իրարամերժ աշխարհաքաղաքական դիրքավորումների համադրելիություն ստանալու միջոցով: Իսկ դա իսկապես չափազանց բարդ խնդիր է բավականին համեստ քաշային կատեգորիայով Հայաստանի համար: Անկասկած է, որ իրավիճակը պահանջում է քաղաքական և դիվանագիտական մտքի լրջագույն հավաքագրում, ընդ որում համահայկական մասշտաբով: