«Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ԱՄՆ-ում ունի երկու խոշոր «մասնաճյուղ»։ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի և ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կազմակերպություններ։ Այս երկու կազմակերպությունները երկար տարիներ վճռորոշ դերակատարում են ուենեցել ՀՅ դաշնակության ներսում, որովհետև նախ այստեղ են գոյացել կուսակցության հիմնական ֆինանսական միջոցները, և հետո ուժեղ կապերը աշխարհի թիվ մեկ, ժողովրդավարական գերտերության քաղաքական էլիտայի հետ՝ համապատասխան կշիռ են տվել այդ կառույցներին»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Հենց այս կազմակերպություններն են երկար տարիներ էականորեն ուղղորդել ԱՄՆ-ի հայկական ընտրազանգվածի ձայները և կարևոր դերակատարում ունեցել, այսպես կոչված, հայկական լոբբիի գործունեության մեջ։ Այս գործոնները բնականորեն հանգեցրել են մի իրավիճակի, որ տասնյակ տարիներ ԱՄՆ-ի դաշնակցականները ներկայացված են եղել ՀՅԴ բարձրագույն մարմնում՝ Բյուրոյում։
Այս տարվա հունիսի վերջին տեղի ունեցած Ընդհանուր Ժողովի արդյունքներով, սակայն, ԱՄՆ-ի դաշնակցական կազմակերպությունները ներկայացնող Վիգեն Հովսեփյանն ու Հայկ Օշականը դուրս մնացին Բյուրոյի կազմից։ Սա առաջին ազդակն էր, որ ԱՄՆ-ում բնակվող դաշնակցականների հարաբերությունները լարվում են ՀՅԴ ներկայիս ղեկավարության՝ մասնավորապես իրանահայ Հրանտ Մարգարյանի և նրա թիմի հետ։ Բայց եթե Բյուրոյում տեղի ունեցած փոփոխությունները մի տեսակ դուրս մնացին հայ հանրության ուշադրությունից, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպության օգոստոսի 18-ին տարածած հայտարարությունը նմանվում է ամպրոպի պարզ երկնքում, որովհետև մաքսիմալ խստության քննադատություն է պարունակում Սերժ Սարգսյանի հասցեին։ Ուշագրավն այն է, որ ՀՅԴ բյուրոն նախորդ շաբաթվա վերջում տարածած հաղորդագրությամբ անհամաձայնություն հայտնեց ամերիկաբնակ դաշնակցականների՝ օգոստոսի 18-ի հայտարարության հետ, փաստորեն խորացնելով կասկածները, որ ԱՄՆ դաշնակցական կառույցները ոչ միայն ՀՀ գործող իշխանություններից, այլև ՀՅԴ գործող Բյուրոյից տարանջատվելու խնդիր ունեն։
Ի դեպ, հիմա արդեն լուրեր են պտտվում, որ ՀՅԴ հունիսյան ընդհանուր ժողովում, որը դռնփակ ռեժիմով անցել է Ծաղկաձորում, ԱՄՆ-ի պատվիրակները խիստ քննադատության են ենթարկել ՀՅԴ Բյուրոյի վերջին տարիների գործունեությունը»։









































