
Մարտի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի հանրապետության հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը և նա ստանձնեց նախագահի պաշտոնը: Ինչպես հայտնի է, Հայաստանը խորհրդարանական կառավարման մոդելի անցնելուց հետո նախագահ է ընտրում ոչ թե ժողովրդական քվեարկությամբ, այլ խորհրդարանով, իսկ նախագահը պաշտոնավարելու է մեկ ժամկետ, բայց 7 տարի ժամանակով: Նախագահի պաշտոնը մեծ հաշվով խորհրդանշական է, չունի կառավարման էական լծակներ, դրանք գրեթե զրոյական են: Մյուս կողմից սակայն, սա բնորոշ է խորհրդարանական կառավարման մոդելով երկրներին, Հայաստանի առանձնահատկություն չէ: Միաժամանակ, հաջորդիվ արդեն առաջանում է այդ «առանձնահատկության» հարցը, երբ խորհրդարանական կառավարման մոդելով երկրներից յուրաքանչյուրն ըստ իր իրադրության ու խնդիրների է «սահմանում» նախագահի անելիքները: Այդ իմաստով, Հայաստանի հանրապետության հինգերորդ նախագահի թիվ մեկ, առաջին, առաջնային անելիքը թերևս հանրության հետ երկխոսության, հաղորդակցության նոր մշակույթի, նոր տրամաբանության, նոր հաղորդուղիների ձևավորումն է: Ինչպես առիթ ունեցա խոսել նախագահի ընտրության արդյունքից հետո, Վահագն Խաչատուրյանի համար կառավարման լիազորությունների գործնական բացակայությունը ոչ միայն խնդիր չէ, այլ թերևս պետք է լինի «քաղաքական ստեղծագործականության», կամ գուցե նույնիսկ «քաղաքակրթական ստեղծագործականության» ազատության հնարավորություն:
Չլինելով կառավարման անմիջական արդյունքի համար պատասխանատու պետական բարձրագույն պաշտոնյա, Վահագան Խաչատուրյանը կարող է պատասխանատվության այդ բեռից ազատությունը վերածել հանրության հետ բաց հարաբերության հնարավորության: Իսկ գերխնդիրը պետք է լինի Հայաստանի հանրությանը դուրս բերել այն նեղ քաղաքական, խմբային, հաճախ կվազիքաղաքական պրիզմաներից, որում Հայաստանի հանրային-քաղաքական կյանքը հայտնվել է անցնող մոտ երեք տասնամյակի գերակշռող ժամանակահատվածում ծավալված իրողությունների հետևանքով, որում հանրությանը գցել են այդ ընթացքում թե իշխանություն, թե ընդդիմադիր կարգավիճակ ունեցած ուժերը:
Վահագն Խաչատուրյանը Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնում է մի ժամանակահատվածում, երբ աշխարհը գտնվում է խորքային ու մասշտաբային վերափոխումների ու վերադասավորումների փուլում, որոնք Հաաստանի համար հղի են թե մեծ ռիսկերով, թե նաև ընձեռում են բավականին հնարավորություններ:
Ամբողջ հարցն այն է, որ այդ ամենին համարժեք չէ Հայաստանի հասարակական մտածողության և պատկերացումների մասշտաբը: Կառավարման անմիջական լծակներ չունեցող, միաժամանակ նաև ավելորդ կաշկանդող բեռից զուրկ նախագահի գերխնդիրն է անել առավելագույնը հանրային մտածողության ու պատկերացումների մասշտաբը համաշխարհային բախտորոշ զարգացումների հանդեպ համարժեքության դաշտ բերելը, ըստ այդմ նաև հանրային մտածողության տիրույթում քաղաքական և հանրային, քաղաքացիական կյանքի նոր որակի ամուր պահանջարկ ձևավորելը:
Ի դեպ, խիստ խորհրդանշական է, որ հինգերորդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Մեծ պոետի՝ Եղիշե Չարենցի ծննդյան տարեդարձի օրը: Դա խորհրդանշական է այն իմաստով, որ հայ պոեզիայում Չարենցն էր թերևս եթե ոչ ըստ էության միակը, ապա անկասկած դրոշակակիրը՝ որ իր ստեղծագործական հորիզոնով ընդգրկում էր համաշխարհայինը: Կկարողանա՞ լուծել այդ խնդիրը Վահագն Խաչատուրյանը: Միայնակ՝ իհարկե ոչ, սակայն շատ կարևոր է նաև, թե նա որքան արդյունավետ կլինի այդ առաքելության հարցում իր գործընկերների ընտրության առումով: