Այս տարի հոկտեմբերին հայկական երեք կազմակերպություններ կմեկնեն ԱՄՆ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իրենց ծրագրերը տարբեր վենչուրային հիմնադրամների ու ներդրողների ներկայացնելու համար:
Տելեբժշկության հայկական ասոցիացիան, «Մեդիասթար» ՓԲ և «Ինդասթրիալ Թեքնոլոջիզ Քո» ՍՊ ընկերություններն այս հնարավորությանն արժանացել էին Երևանում տեղի ունեցած Բիզնեսի համագործակցության աջակցման դրամաշնորհային մրցույթի և Վենչուրային կոնֆերանսի արդյունքներով, որը կազմակերպել էին Էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը:
ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնեց, որ Տելեբժշկության հայկական ասոցիացիան հնարավոր ներդրողներին ներկայացնելու է ամպային հենքով Հեռաբժշկության և էլեկտրոնային բժշկության հարթակի զարգացման (Development of Cloud-Based Telemedicine and eHealth Platform), «Մեդիասթար» ՓԲԸ-ն՝ ծծմբային թթվի արտադրության (Sulfuric Acid Production) և «Ինդասթրիալ Թեքնոլոջիզ Քո» ՍՊԸ-ն՝ արևային տաքացուցիչների հիբրիդների արտադրության (Hybrid Solar system) գիտահետազոտական ծրագրերը:
«Ընկերությունների ներկայացուցիչները կլինեն ԱՄՆ մի քանի քաղաքներում և իրենց ծրագրերը կներկայացնեն տարբեր վենչուրային հիմնադրամների ու ներդրողների»,- ասաց Բ. Ենգիբարյանը՝ նշելով, որ աշխատանքները կատարվելու են Հայաստանում:
Նշենք, որ Վենչուրային հաջորդ համաժողովը տեղի կունենա այս տարեվերջին: