Ռուս-ուկրաինական պատերազմը մեծացրել է ռուսների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Հարցումները ցույց են տալիս, որ նրանց մի մասը գալիս են աշխատելու, մյուս մասը՝ իրենց խոսքով՝ հանգստանալու, մի մասն էլ քաղաքացիություն ստանալու գործընթաց է սկսել: Ու չնայած հնչող տեսակետներին, թե Հայաստանում մի շարք խոչընդոտների են հանդիպում կացության և քաղաքացիություն ստանալու հետ կապված, իրականում, սակայն, Հայաստանի օրենսդրությունը համեմատաբար ազատական է:
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է փաստաբան Գևորգ Դավթյանը, անդրադառնալով խնդրին, նշեց, որ գուցե քաղաքացիները պատշաճ տեղեկացված չեն, թե ինչ թղթեր է պետք և այլն:
«Կացության իրավունք ստանալու համար դու պետք է հիմնավորես, որ այստեղ աշխատում ես, մշտական բնակության վայր ունես: Մենք որ գնում ենք դուրս, այնտեղ միանգամից կարողանում են կացության իրավունք ունենա՞լ»-ասաց փաստաբանը:
Հարցին՝ հիմնական ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրների քաղաքացինե՞րն են բախվում բյուրոկրատական քաշքշուկների, նշեց, որ, ցավոք սրտի, հենց իրենք են հիմնականում գալիս. «Իսկ ԵԱՏՄ-ից, որ էսպես մեծ հոսքով եկել են և ուզում են միանգամից մշտական կացության իրավունք ստանան, այդպես չի կարող լինել: Պետք է աշխատանք ունենան, որ կացություն ստանան, իսկ առանց դրա իրենց վիզայի ժամկետը, եթե չեմ սխալվում, երեք ամիս է: Երեք ամիս կարող են մնան և այդ ընթացքում կողմնորոշվեն՝ ստանան կացություն, թե չստանան»:
Արդյոք ԵԱՏՄ երկրներից եկողների համար դժվարություններ կա՞ն: Փաստաբանի խոսքով՝ դժվարություններ կլինեն, եթե համապատասխան ապացուցողական բազան պատշաճ մակարդակի չէ, այսինքն՝ փաստաթղթերը պատշաճ չեն. «Օրինակ՝ մարդը գալիս, դիմում է, անհրաժեշտ է փաստաթղթերի սովորական թարգմանություն, որովհետև օտար լեզուն չի անցնում Հայաստանում, հենց այդ մարդիկ հայտարարում են, թե բյուրոկրատական քաշքշուկ է, թղթերը տվել ենք, չեն անում գործը: Ես կարծում եմ՝ հիմնականում այդպիսի խնդիրներ են առաջանում: Օրինակ, ինձ երկու անձ դիմել է, մենք նայել ենք, տեսել ենք, որ դատական խնդիր չկա, ուղղակի իրենց ամբողջությամբ չեն սպառել հնարավորությունները: Այսինքն մերժումն այնպիսին չի եղել, որ դու մտնես դատարան: Պայմաններ են եղել, որոնք չես կատարել, պետք է կատարես: Եթե կատարելուց հետո օրենքի պահանջը նրանք չկատարեն, դա արդեն ուրիշ հարց կլինի»,-ասաց Դավթյանը:
Նա նշեց, որ օրենքը սահմանում է, որ ազգությամբ հայ, կամ ՀՀ քաղաքացուց ծնված երեխան կարող է շատ հանգիստ ՀՀ քաղաքացի դառնա. «Օրինակ, գնում ես ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, պարզվում է՝ ծնողները հաշվառման վայր չունեն: Սա արդեն տեխնիկական խնդիր է ստեղծում: Այսինքն՝ իրենք պետք է ինչ-որ տեղ հաշվառվեն, որ երեխայի բնակության վայրը դա համարվի, որ քաղաքացիությունը ամրագրեն: Եթե ենթադրենք մարդը հաշվառված է Անգլիայում, ասում են՝ գոնե բերեք փաստաթուղթ, որ այնտեղ եք հաշվառված, մենք ձեզ էնտեղ հաշվառենք: Սրա հետ կապված կարող են խնդիրներ լինել: Առանց հաշվառման հնարավոր չէ անձնագրավորել, իսկ քաղաքացիության ապացույցն էլ անձնագիրն է: Օրենքում այդպիսի բան չկա, որ ծնողը պետք է պարտադիր հաշվառվի, դա բխում է օրենքից, որովհետև երեխայի բնակության վայրը ծնողներից մեկի բնակության վայրն է, եթե բնակության վայր ցույց չես տալիս, դու խնդիր ունես»:
Փաստաբանի դիտարկմամբ՝ օտարերկրացիներն ավելի քիչ խնդիրների են բախվում, քան մենք ենք իրենց մոտ բախվում, բայց այնպես չէ, որ ցանկացած օտարերկրացի շատ հանգիստ կարող է գալ ու կացություն ստանալ. սկզբունքը նույնն է, ինչպես ուրիշ պետություններում, կացության իրավունքը տրվում է եթե դու այստեղ ուսման նպատակով ես գալիս, աշխատանքի նպքտակով ես գալիս, որը հիմնավորում ես, հաշվառում ես ունենում, նաև որոշակի հարգում ես տվյալ պետության օրենքները: «Եթե դրանք չկան, դու խնդիր ունես: Շատ հաճախ մարդիկ խնդիրների են բախվում, որովհետև կարող են ստանալ փախստականի կարգավիճակ, բայց չեն ուզում նման կարգավիճակ ձեռք բերել: Բայց փաստացի շատերը հատկապես հիմա Հայաստան գալիս են ավելի շատ փախստականի կարգավիճակով»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք հիմա քաղաքացիություն են ձեռք բերում երրորդ երկիր անցնելու համա՞ր, փաստաբանը նշեց, որ, այո, տարանցիկ էլ են օգտագործում Հայաստանը. Օրինակ, գալիս են այստեղ կացություն են ձեռք բերում, կամ գալիս են այստեղ իրենց վիզայի հարցը լուծում են, որպեսզի Հայաստանից ցանկացած ուղղությամբ դուրս գնան:
«Իրենց մոտ, ասենք, Ռուսաստանում, սահմանափակումներ կան, ու քանի որ Հայաստանը սահմանափակումների տակ չի, այդ խնդիրը հեշտությամբ լուծում են: Բայց եթե Հայաստանում պարզեն իրենց իրական նպատակը, համապատասխան մարմինները կասկած ունենան և պարզեն, որ տվյալ անձը մտադիր է Հայաստանն օգտագործել որպես տարանցիկ երկիր, այսինքն խուսափել, այդ դեպքում բնական չէ՞, որ պետք է խոչընդոտների հանդիպի: Սա շատ հստակ է, քաղաքացուց պահանջելու են հնարավորինս հիմնավորի, թե ինչու է ստանում կացության իրավունք: Կացության իրավունք ձեռք բերելը համարյա քաղաքացիությանը հավասար բան է, մարդը կարող է առանց սահմանափակման դուրս գա երկրից, ներս գա, բայց մարդը ձեռք է բերում կացության կարգավիճակ, միանգամից գնում է ու հետ չի գալիս»,-նշեց Դավթյանը:
Լուսանկարը՝ Panorama.am-ի