Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը որոշակի դրական տեղաշարժ է նկատում ռուս-ուկրաինական բանակցություններում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Պուտինը այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Անշուշտ, ես ձեզ կտեղեկացնեմ նաև Ուկրաինայի ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին: Առաջին հերթին այն մասին, թե ինչպես են ընթանում բանակցությունները, որոնք այժմ անցկացվում են գրեթե ամեն օր: Այնտեղ որոշակի դրական տեղաշարժեր կան, ինչպես ինձ զեկուցեցին մեր բանակցողները: Կպատմեմ ձեզ այս ամենի մասին ավելի մանրամասն», – ասել է Պուտինը:
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները Բելառուսում անցկացրել են արդեն բանակցությունների երեք փուլ, չորրորդ հանդիպման անցկացման ամսաթիվը և վայրը չեն որոշվել: Սպասվում է, որ այն կարող է կայանալ մոտ ժամանակներս: