Գերմանիան, իհարկե, ռազմական ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա, հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մերժել է «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում ամերիկյան բազային փոխանցելու Լեհաստանի առաջարկը, հայտնում է Reuters-ը։
«Մենք տրամադրել ենք բոլոր տեսակի պաշտպանական միջոցները և ուղարկել ենք զենքեր, ինչի մասին ձեզ ասել ենք, բայց ճիշտ է նաև այն, որ մենք պետք է շատ մանրամասն հաշվի առնենք, թե կոնկրետ ինչ ենք անում, և միանշանակ մարտական ինքնաթիռները մաս չեն կազմում դրան»,- ասել է Շոլցը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ մամուլի ասուլիսում։
Հարցին, թե արդյոք Գերմանիան կտրականապես դեմ է Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքին, Շոլցը պատասխանել է, որ արդեն մի քանի ամիս աշխատում է հանածո վառելիքի ներկրումից երկրի կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ: «Կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, որոնք պետք է լուծել»,- ասել է նա: