Ամերիկացի սենատորների երկկուսակցական խումբը մտադիր է օրինագիծ ներկայացնել, որն արգելում է Ռուսաստանին գործարքներ կատարել ոսկու պահուստներով՝ կոշտ պատժամիջոցներին դիմակայելու համար: Այդ մասին գրում է Axios-ը։
Ինչպես նշում է թերթը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սառեցրել են երկրի արտարժութային ակտիվները, սակայն նրա ոսկու պաշարները կարող են փրկօղակ դառնալ։ Այս սողանցքը փակելու համար սենատորները օրինագիծ են մշակել ոսկու պաշարների վաճառքը թույլ չտալու համար:
Միևնույն ժամանակ, օրինագիծը նախատեսում է պատժամիջոցների կիրառում ԱՄՆ բոլոր սուբյեկտների նկատմամբ, որոնք գիտակցաբար գործարքներ են կատարում ռուսական ոսկու հետ։
«Ռուսաստանի ոսկու հսկայական պաշարները այն սակավաթիվ ակտիվներից են, որոնք Պուտինը կարող է օգտագործել իր երկրի տնտեսությունը հետագա անկումից զերծ պահելու համար»,- ասվում է հեղինակների հայտարարության մեջ։
Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կազմում են մոտ 132 միլիարդ դոլար։