«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։
–Արցախում նախատեսվում է անցկացնել սահմանադրական փոփոխություններ։ Խորհրդարանի պատգամավորներից մեկն, օրինակ, նշում է, որ Արցախում հանրաքվեն չկայացած որոշ ուժեր արդեն իսկ պատրաստվում են ընտրությունների։ Այս առումով ի՞նչ իրավիճակ է, արդյոք հանրաքվեից հետո բեկումնային զարգացումներ են հնարավոր։
Ես մի բան գիտեմ․ նախագահի հրամանագրով ձևավորվել է սահմանադրական փոփոխությունների Հայեցակարգի մշակման աշխատանքային խումբ, սահմանված է եռամսյա ժամկետ, որ լրանում է, եթե չեմ սխալվում, ապրիլի վերջին։ Այս իմաստով բոլոր հավաստիացումները կամ «լավատեղյակ աղբյուրների» վկայակոչումները ոչ մի հիմք չունեն։ Կհրապարակվի՞ հայեցակարգը՝ կգնահատենք, առաջարկություններ կանենք։ Կարող եմ մի վճռական բան ասել․ նոր սահմանադրությունը պետք է իրոք համաժողովրդական համաձայնությամբ ընդունվի։
– Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է տարանջատել խորհրդարանական ու նախագահական ընտրությունները։ Հավանաբար սկզբում կլինեն խորհրդարանական ընտրություններ։ Ի՞նչ ռիսկեր ունեն դրանք, պատերազմից հետո հատկապես ինչպիսի՞ն կլինի Բաքվի ու Մոսկվայի արձագանքն այդ ընտրություններին։
-2017թ․-ին Արցախում տապալվել է սահմանադրական իշխանափոխության գործընթացը։ Հատվել է «կարմիր գիծը»՝ երրորդ ժամկետով պաշտոնավարման սահմանադրական արգելքը։ Հիմա ի՞նչ Հայեցակարգ է մշակվում՝ չեմ կարող ասել, իրազեկված չեմ։ Բայց գտնում եմ, որ Արցախին այսօր պետք է ճկուն սահմանադրություն։ Ես կառաջարկեի, որ հակիրճ սահմանվեին պետական կարգի սկզբունքները, կառավարման համակարգը, իսկ մյուս բոլոր կարգավորումները թողնվեին օրենսդրությանը, որպեսզի ցանկացած իրավիճակում խորհրդարանի երկու երրորդի ձայներով հնարավոր լինի լուծումներ գտնել։ Մնացածը թող ժողովուրդը որոշի՝ ինչ քաղաքական ուժի կամ որ անհատի է նախապատվություն տալիս։
– Գործող նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ նպատակ չունի այլևս առաջադրվել, սակայն մամուլում շրջանառվում են թեկնածուների նոր անուններ՝ ընդհուպ Արցախի նախկին նախագահները։ Այս առումով ի՞նչ իրավիճակ է այժմ Արցախում։ Թեկնածուների հարցում կլինի՞ Ռուսաստանի հետ համաձայնեցում։
-Նման քննարկումները վաղաժամ են։ Իսկ գուցե ընտրվում է կառավարման խորհրդարանակա՞ն համակարգը։ Ես անձնական տպավորություն ունեմ, որ Արցախի քաղաքական դաշտում այսօր էլ ամենալուրջ դերակատարը «Ազատ հայրենիք» կուսակցությունն է և համարում եմ, որ առանց նրա շուրջ կոնսոլիդացիայի ոչ ոք իշխանության հարց լուծելու ռեսուրս չունի։
– Կա նաև տեսակետ, որ Մոդեստ Կոլերով–ական շրջանակները Մոսկվայում այս առումով Բակո Սահակյանի համար լոբբի են անում։ Հավանական համարու՞մ եք ։
-Չեմ կարող ասել։ Մոդեստ Կոլերովը, նրա շրջապատը ինձ միշտ անհարազատ են եղել, հիմա էլ վերաբերմունքս չի փոխվել։