
Անդադար խոսում ենք Հայկական տնտեսությունից։ Եվ ոչ իզուր։ Այս աշխարհաքաղաքական ճգնաժամի փուլում բոլորի հայացքները սևեռված են հյուսիս ու հյուսիս-արևմուտք։ Մենք, մեր հանրային ընկալումներին բնորոշ ավելի շատ տարվում ենք այլոց խնդիրներով, քանի դեռ մեր սեփական խնդիրները մեր քթի տակ հոտում ու փտում են։ Ներպետական օրակարգերը ձևավորվում են համակրանքների ու հակակրանքների տիրույթում։
Ռուսամետները գոչում են Պուտինի պատմական հզորությունն ու տղամարկությունը, նրա պետական մտածողություն ու հանուն դրա պատերազմ բռնելու կամքն ու պատրաստակամությունը, իսկ արևմտամետները դատապարտում են քաղաքակիրթ աշխարհի դեմ դուրս եկած դիկտատորի պարանոյիկ հակումներն ու անհավասարակշիռ քաղաքականությունը, որ ուղղված է արևմտյան արժեքների խարխլմանը։ Ապա որտեղ են հայամետները։
Փաստը մնում է փաստ, որ և հավաքական արևելքը, և հավաքական արևմուտքը՝ Վաշինգտոն-Բրյուսել և Մոսկվա-Պեկին առանցքներով, իրականացնում են իրենց երկրների շահերից բխող ու իրենց ազգային կենսական պահանջները բավարարող քաղաքականություն։ Մի դասարանում սովորող, չափսերով ու ուժով խոշոր աշակերտները իրար մեջ բաժանում են դասասենյակի նստարանների շարքերն ու տեղերը։ Ավելի փոքրերը համբերատար սպասում են, թե երբ է այդ բաժանումն ավարտվելու, որ հարցնեն՝ կարելի՞ է արդեն նստել և մասնավորապես՝ որտեղ նստել։ Այո, շատ հետաքրքիր է հետևել էդ խոշոր տղերքի տուրուդմփոցին, ինչպես անկուշտի պես պատուհանից հետևում ենք բակում իրար ծեծող ու կռիվ անող մարդկանց, բայց այդ դիտորդությունից մեր կյանքն ավելի լավ ու ավելի վատ չի դառնում, այն պարզապես չի փոխվում։ Այս՝ երկիր մոլորակ կոչվող դասասենյակում ընթացող կռիվը վաղ թե ուշ ավարտվելու է, հայրենակիցներ, ու հաղթող է դուրս գալու նա, որ այդ կռվի ընթացքում ուշադիր վերլուծել է, թե որ դասասեղանն է ամենահարմարն ու նորը, ամենաշահավետն ու ամենամազուրը և կռիվն ավարտելուն պես զբաղեցնում է այն՝ հայտնվելով ամենաշահեկան դիրքերում։ Հիմա մենք ևս, պիտի հասկանանք, թե էս համամարդկային դրամայի մեջ որտեղ է մեզ համար ամենաշահավետ տեղն ու կռիվն ավարտվելուց հետո որ նստարանը պիտի գրավենք։ Ավելի պարզ, կարծում եմ, անհնար է բացատրել։ Այս համատեքստում իրենց միշտ կոմֆորտ են զգացել, օրինակ՝ հրեաները, պորտուգալացիները, շվեցարացիները, հոլանդացիներն ու դանիացիները, որոնք երբեք չեն ցանկացել տեղավորվել մատի ու մատանու արանքը, քիթները խցկել այլոց հարցերի մեջ ու միշտ դուրս են եկել ջրից չոր։ Հիմա մեր՝ ջրից չոր դուրս գալու ժամանակն է։