Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը բերել է իրավիճակի, երբ խզվում են Արևմուտքի և Ռուսաստանի գրեթե բոլոր կապերը, կամ քաղաքական-դիվանագիտական-տնտեսական իմաստով հիմնական բոլոր հաղորդուղիները, հաղորդակցության մեխանիզմները: Այս հանգամանքը Հայաստանի համար առաջացնում է բազմաթիվ հարցեր, որոնցից առաջինն անշուշտ այն է, թե ինչ ճակատագիր կարող է սպասել Մինսկի խմբի համանախագահությանը, որն ինչպես հայտնի է կազմում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը: Այժմ ավելորդ է խոսել այդ ձևաչափի աշխատանքի մասին, սակայն կարևոր է, թե ինչ է սպասվում ապագայում:
Ուկրաինայի հարցում խզումը արդյո՞ք տարածվելու է նաև Մինսկի խմբի ձևաչափի վրա, և այդ դեպքում ինչ է լինելու Արցախի հարցի հետ, սկսած ռուս խաղաղապահների ճակատագրից, մինչև կարգավորման գործընթացի վերսկսման որևէ հեռանկար: Եթե այստեղ դադարում է Արևմուտքի և Ռուսաստանի շատ թե քիչ որևէ էական գործակցություն, ապա առաջացող հարցերից մեկն էլ այն է, թե արդյո՞ք կարող է Արցախի հարցում առաջանալ կոշտ մրցակցություն, թե՞ պարզապես Արևմուտքը «կհանձնի» իրավիճակը Թուրքիային, որը գուցե նաև այդ հեռանկարով ու ակնկալիքով է, որ ուկրաինական հարցում հայտարարում է իրեն ՆԱՏՕ-ի անդամի նման պահելու և դիրքավորելու մասին: Այդ դեպքում նշանակու՞մ է, որ կարող է իրականություն դառնալ և ամբողջ հասակով հառնել Արցախի հարցը «3+3»-ի տրամաբանության շրջանակ բերելու ռիսկը և ինչ կարող է անել կամ պետք է անի Հայաստանն այդ դեպքում, եթե առաջանա ռիսկն ու Հայաստանը դրա դիմաց փաստացի մնա մենակ:
Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը պետք է փնտրի այդ և այլ հարցերի պատասխաններ: Դրանց ժամանակը կարող է լինել հեռու, կամ չգալ անգամ ընդհանրապես, բայց պատասխանները կարող են պահանջվել նաև օպերատիվ հեռանկարում, ինչին անհրաժեշտ է լինել պատրաստ: Այդ հարցերի պատասխանները վեր են մեկ խմբի կամ մեկ քաղաքական միավորի ուժերից, դրանք պահանջում են հավաքական քննարկումներ ու մտորումներ, զերծ որևէ ամբոխահաճությունից: