
Փետրվարի 27-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան էջում գրել էր, որ Ուկրաինան պաշտոնապես Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան։
«Պահանջում ենք Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն հասկացության աղավաղման համար՝ ագրեսիան արդարացնելու համար»,- հայտարարել է Զելենսկին։
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Զելենսկու հայտարարությանը, նշեց. «Ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը այն երկրների ցանկում չեն, որոնք ընդունել են այդ դատարանի պարտադիր իրավասությունը, ըստ որի՝ մեկը մյուսին կարող են դատի տալ, և այդ դեպքում հայցը կընդունվի՝ անկախ նրանից՝ դիմացի կողմը համաձայն է, թե ոչ: Որովհետև, գիտեք, որ Հաագայի դատարանում եթե հայցվորը դիմում է, պատասխանողը պետք է համաձայն լինի ընդունելու դատարանի իրավազորությունը այդ գործով: Միակ բացառությունը ռասիզմի, խտրականության կանխարգելման կոնվենցիայի դեպքում է, որից էլ օգտվեց Հայաստանը»,-հավելեց միջազգային իրավունքի մասնագետը:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության հիմքով դիմելուն, ապա, նրա խոսքով, նախ չափազանց բարձր չափանիշներ է Հաագայի դատարանը սահմանել, որ նման գործով պետությունները հաջողություն ունենան:
«Օրինակ, Խորվաթիայի, Բոսնիայի հայտնի դեպքերի հարցով հայցը մերժվել է, որովհետև կողմերը չկարողացան ներկայացնել բավարար ապացույցներ: Այն դեպքում, երբ կար 3 տարվա պատերազմ, հարյուրավոր զոհեր, խոշտանգումներ, մայրաքաղաքը տարիներով ռմբկոծությունների տակ պահել: Իսկ այս դեպքում պարզ է, որ զուտ տակտիկական խնդիրներ է Ուկրաինան լուծում, որովհետև այս կարճ ժամանակամիջոցում որևէ նկատելի հաջողության հնարավորություն կարող է դիտվել ժամանակավոր հրատապ միջոց կիրառելը, որը Հայաստան-Ադրբեջան դատական գործում մենք տեսանք»,-ասաց նա:
Արա Ղազարյանի խոսքով, Ուկրաինան ռասիզմի հիմքով չի դիմում, թեև ցեղասպանությունն իր հիմքում ռասիզմ է պարունակում. «Այն, ինչ հայտարարեց Զելենսկին, շատ աղոտ է, վստահ եմ՝ կարճաժամկետ հնարավոր չէ հասնել որևէ հաջողության, այն էլ այն հիմքով, որը ներկայացրել է: Պարզ չէ, թե կոնկրետ որ հոդվածի հիման վրա է, կոնկրետ որ կոնվենցիայի հիման վրա է Հաագայի դատարան դիմել»:
Այս հիմքով դիմելը, ըստ նրա, հեռանկարային չէ, էմոցիոնալ ֆոնի վրա, գուցե պատրաստվում է ինչ-որ դիմում․ ընդհանրապես, դիմում ներկայացնելն իրավական գործընթաց է, որը պատերազմի ակտիվ փուլում շատ դժվար է ներկայացնել և միտք էլ չունի, որովհետև արագ հաջողության հասնել հնարավոր չէ: Ղազարյանի խոսքով՝ նման դատական գործընթացներին պետք է լավ պատրաստվել, ապացույցներ ունենալ, իսկ ապացույցներ ամրագրել հիմա հնարավոր չէ պատերազմի ակտիվ փուլում․սովորաբար ապացույցներն ի հայտ են գալիս պատերազմի ակտիվ փուլից հետո, երբ արդեն բազմաթիվ փաստահավաք խմբեր են աշխատում, ամրագրվում են ցուցմունքները, վկայությունները, տվյալները: