«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն։
-Պարոն Վասաձե, ի՞նչ դիտարկումներ ունեք Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության վերաբերյալ։ Սա ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա, քանի որ վերջին օրերին շատերն ասում էին, որ ուկրաինական իրադարձություններով որոշվում է բոլոր հետխորհրդային երկրների ճակատագիրը։
–Այստեղ ամեն ինչ պարզից էլ պարզ է։ Մոսկվան վերջնագիր էր ներկայացրել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին. ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն չընդունեցին այս վերջնագիրը և զգուշացրին լուրջ պատժամիջոցների մասին Ուկրաինայի վրա Ռուսաստանի Դաշնության կողմից հարձակման դեպքում։ Մոսկվան բարձրացրեց խաղադրույքները՝ ճանաչելով այն տարածքը, որը Ռուսաստանի Դաշնությունը գործնականում օկուպացրել էր իր վստահված անձանց միջոցով որպես անկախ պետություններ և հարձակվեց Ուկաինայի վրա։ Արդյունքում ստացել է պատժամիջոցների հերթական խմբաքանակը։
-Արդյո՞ք այս փուլում մեծանում է Հայաստանի և Վրաստանի միջև ավելի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը և առհասարակ՝ միմյանց անհրաժեշտությունը։
-Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների բավականին լավ մակարդակ կա։ Սակայն հարաբերությունների հետագա զարգացման համար կան իրական սահմանափակող գործոններ։ Օրինակ՝ տնտեսական կապերի զարգացման առումով Հայաստանի կողմից կան սահմանափակումներ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանն ունի իր պարտավորությունները՝ կապված ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ։ Կան նաև սահմանափակող պահեր քաղաքական համագործակցության առումով՝ կապված ՀԱՊԿ-ին անդամակցելու հետ։ Բայց ընդհանուր առմամբ հարաբերությունների մակարդակը բավականին լավ է, թեպետ միշտ էլ բարելավելու բան կա։
-Հայաստանը կարողացավ խուսափել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից, արդյոք այս փուլում Ռուսաստանից ավելի մեծ կախվածության պայմաններում հնարավոր կլինի՞ խուսափել Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հեռանկարից։
-Ցանկացած նման ճանաչում նշանակում է դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների խզում, ինչն իհարկե չի բխում Հայաստանի շահերից։ Բացի այդ, կարող են լուրջ բարդություններ լինել արևմտյան երկրների հետ։ Ուստի բացառում եմ Երևանից ճանաչման հնարավորությունը՝ ինչքան էլ որ դա Մոսկվային դուր չի գա։ Թեպետ Մոսկվայում բոլորը շատ լավ դա հասկանում են։