
Ուկրաինա ներխուժման համար Ռուսաստանի դեմ կիրառվում են բավականին խիստ պատժամիջոցներ, որոնք փաստացի «կտրում» են Ռուսաստանն այսպես ասած քաղաքակիրթ աշխարհից կամ եվրաատլանտյան միջավայրից: Որոշում է կայացվել անգամ ՌԴ-ն Եվրոպայի Խորհրդից հեռացնելու մասին: Բարդ է ասել, թե այդ պատժամիջոցները ինչ ազդեցություն կունենան Ռուսաստանի նախագահ Պուտինի որոշումների վրա և դրանք որքանով կարող էին լինել հաշվարկված և ինչը կարող է լինել նրա համար անակնկալ: Նախօրեին ՌԴ նախագահն ու նրա խոսնակը արձագանքել են բանակցելու վերաբերյալ Զելենսկու հայտարարություններին, որ հնչել էին դրա նախօրեին՝ պատերազմի առաջին օրվա գիշերը:
Զելենսկին հայտարարել էր, որ Արևմուտքը իրենց թողել է մենակ և ինքը պատրաստ է անվտանգության երաշխիքների պարագայում բանակցել Մոսկվայի հետ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ: Կրեմլը արձագանքել էր, որ այդպիսի բանակցություն հնարավոր է, եթե ուկրաինական զինուժը վայր դնի զենքը: Պուտինը նաև դիմել էր Ուկրաինայի զինվորականներին, կոչ անելով վերցնել իշխանությունը և ասելով, թե նրանց հետ պայմանավորվելը կստացվի ավելի լավ: Արդյո՞ք Մոսկվայի դիրքորոշումները պայմանավորված են ռազմարշավի ընթացքում չնախատեսված խնդիրներով, թե՞ պատժամիջոցներով, դժվար է ասել: Առայժմ շարունակվում են մարտական գործողություններն Ուկրաինայի ամբողջ տարածքում, այդ թվում արդեն նաև մայրաքաղաք Կիևում, իսկ քաղաքական հայտարարությունները կարող են ունենալ ընդամենը տակտիկական նշանակություն, կամ վերածվել այդպիսինի: Այդ ամենում սակայն Հայաստանի համար կա մի խնդիր, թեև ոչ միայն Հայաստանի, այլ գործնականում բոլոր հետխորհրդային երկրների, բացառությամբ թերևս ՆԱՏՕ անդամ Մերձբալթյան եռյակի: Արդյո՞ք Եվրաատլանտյան միջավայրից Ռուսաստանին «կտրելը» կարող է հանգեցնել Մոսկվայում «հակառակ ռեակցիայի» ու Կրեմլը դնի խնդիր «կտրել» հետխորհրդային տարածքը, կամ ինչպես ասում են՝ վերականգնել երկաթե վարագույրը: Սա առանցքային մարտահրավեր է, որին դիմագրավելու հարցում հետխորհրդային գոտու բոլոր երկրները թերևս դառնում են «բնական դաշնակիցներ», եթե նրանց համար իհարկե կարևոր է սեփական ինքնիշխանությունն ու աշխարհի հետ ըստ այդմ հարաբերվելու ազատությունը: Անշուշտ փաստ չէ, որ Ռուսաստանը կգնա նման հարցադրումների և օրակարգի ճանապարհով, թեև դրա հնարավոր վտանգը ամենևին զուտ հիպոթետիկ չէ: Այդուհանդերձ, այստեղ թերևս կարևոր է լինելու հետխորհրդային երկրների առնվազն ընդհանուր տրամադրվածությունը, ինչի պարագայում ոչ միայն հնարավոր կլինի դիմակայել, այլ թերևս Ռուսաստանի մոտ զսպել «երկաթյա վարագույրի» հնարավոր մտադրությունները կյանքի կոչելու որևէ ցանկություն կամ ձգտում: Սա իհարկե բավականին բարդ խնդիր է, որովհետև գործոնները բավականին բազմազան ու բարդ են, սակայն դրանք առկա են նաև Ռուսաստանի համար և Մոսկվան կարող է նախընտրել իր ազդեցության հարցում գալ այդ երկրների հետ քաղաքական պայմանավորվածությունների, որոնց շարքում իհարկե կարող է լինել «երկաթյա վարագույրի» բացառումը: