
ՈւԵՖԱ-ն երեկ որոշում ընդունեց Չեմպիոնների լիգայի 2021/2022 թթ խաղարկության եզրափակիչ հանդիպումը Սանկտ Պետերբուրգից Փարիզ տեղափոխելու մասին։ Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինա ներխուժելն է։ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան իր հերթին պաշտոնական նամակով դիմել է ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին խնդրելով զրկել Ռուսաստանի հավաքականներին և ակումբներին միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Հավանակությունը մեծ է, որ վերը նշված գերատեսչությունները դուրս մղեն Ռուսաստանին ֆուտբոլային մեծ ընտանիքից։ «Որպես եվրոպական ֆուտբոլի պատասխանատու մարմին ՈւԵՖԱ-ն աշխատում է ֆուտբոլի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ համապատասխան համաեվրոպական արժեքների, ինչպիսիք են խաղաղությունն ու հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, օլիմպիական խարտիայի ոգով: Նախկինի պես լի ենք վճռականությամբ ու պատրաստ ենք ձեռք մեկնել Ուկրաինայի ժողովորդին:Լրջորեն զբաղվում ենք ստեղծված իրավիճակով»-, ասված էր ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։
Ինչ խոսք ՈւԵՖԱ-ն ունի հիմքեր Ռուսասաստանի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ կիրառելու, բայց․․․։ Որոնք են համաեվրոպական արժեքները և արդյոք ՈւԵՖԱ-ն իսկապես հարգում է մարդու իրավունքները։ 2021 թվականի հոկետմբերի 31-ին 44-օրա պատերազմի ընթացքում Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղի» մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը հանդես էր եկել հայտարարությամբ, որը ցնցել է ոչ միայն ֆուտբոլասեր հասարակությանը։ «Մենք պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց, ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է սպանենք բոլորին։ Ոչ մի խղճահարություն և էմոցիաներ։ Եթե չսպանենք հայերին, ապա նրանք կսպանեն մեզ և մեր երեխաներին։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Թուրքիան տարիներ շարունակ փորձեց դա անել, բայց չստացվեց։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել ուժի լեզվով։ Պետք է սպանենք, որ այլևս չհարվածեն Բարդային, Գյանջային և մյուս քաղաքներին։ Նրանք պետք է հասկանան, որ եթե սպանեն 1 ադրբեջանցի, ապա մենք կոչնչացնենք 100 հայ։ Մենք պետք է սպանենք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Իբրահիմովը։
Վերջինս ըստ էության կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք էր հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը, բայց․․․։ ՈՒԵՖԱ-ն որոշեց միայն ցմահ որակազրկել է Նուրլան Իբրահիմովին, իսկ ակումբին տուգանել է 100000 եվրոյով։ Արդյո՞ք սա կարելի է համարել համարժեք պատժամիջոց ադրբեջանական կողմի նկատմամբ։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Եթե ՈՒԵՖԱ-ն այն կառույցն է, որը մշտապես հետևում է ֆուտբոլը չքաղաքականացնելու, ֆուտբոլային ընտանիքի անդամների շրջանում այլատյացությունը բացառելու և համերաշխություն հաստատելու քաղաքականությանը, ապա ինչու չորակազրկեց «Ղարաբաղին» կամ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի: Նուրլան Իբրահիմովի անհանդուրժելի քայլը պետք է արժանանար համարժեք վերաբերմունքի ՈՒԵՖԱ-ի կողմից։
Այլ մոտեցումը նշանակում է, որ միջազգային ֆուտբոլային հանդիպումներից առաջ տարածվող ընդունելի կարգախոսները ձևական բնույթ են կրում, իսկ անհրաժեշտության դեպքում ՈւԵՖԱ-ն ուղղակի առաջնորդվում է երկակի ստանդարտներով։