
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Վադիմ Դուբնովը։
–Պարոն Դուբնով, Մոսկվայում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև ստորագրվել է «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիրը։ Հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին՝ այս համագործակցությունն ի՞նչ նշանակություն ունի, ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ։
–Իհարկե այդ համաձայնագրի ստորագրումն ունի որոշակի նշանակություն, որովհետև Մոսկվայի համար այժմ կարևոր է յուրաքանչյուր ձայն ու վերաբերմունք։ Անկարայի հայտարարության ֆոնին, իհարկե Մոսկվայի համար ցանկալի կլիներ ունենալ բարիդրացիական վերաբերմունք Ադրբեջանի կողմից։
Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին, ապա դրանք իհարկե Մոսկվայի համար կարևոր են, որովհետև հիմա գիտեք, որ կան տարաձայնություններ ռուս խաղաղապահների հետ կապված։ Բնականաբար ցանկալի կլինի, որ այդ ուժերի տեղակայումն այնտեղ երկարի ու այս ֆոնին Բաքվի հետ հարաբերությունները լավացնելը Մոսկվայի համար անհրաժեշտ է։ Բացի այդ՝ Մոսկվայի համար կարևոր է կոմունիկացիաների ապաշրջափակման հացը, այն ամենը ինչ ներառում է այդ գործընթացը։ Այն ձևը, որ ընտրվել է մի փոքր էկզոտիկ է թվում, բայց պետք է նկատել, որ այն հիմնականում կրկնում է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև առկա 2008 թվականի համագործակցության դրույթները։ Իրավաբանորեն այն ոչինչ չի ավելացնում, պարզապես հիմա, այս պահին առաջնորդների ձեռքսեղման հնարավորություն էր, որն էլ անկասկած կարևոր է։
-Հայաստանի համար այն ի՞նչ հետևանքներ կունենա, ի՞նչ ռիսկերի կարող ենք բախվել։
-Ես չեմ կարծում, որ կան ռիսկեր, այն բացարձակ ռուս-ադրբեջանական միջոցառում է, մասնակիորեն ռուս-թուրքական։ Հայաստանին այն համաձայնագրից ոչ լավ կլինի, ոչ վատ՝ հատկապես կրկնում եմ, որ այդ հռչակագրում ամրագրվում են հիմնականում արդեն առկա ռուս-ադրբեջանական համաձայնագրի դրույթները։
-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հրավիրվել է Մոսկվա, ամենայն հավանականությամբ այցը տեղի կունենա մարտին։ Ի՞նչ սպասել այդ այցից, Ռուսաստանն այ կերպ որոշակի պարիտե՞տ է պահում։
–Ես չեմ բացառում, որ Մոսկվան հենց այդ քաղաքականությունն է վարում, ցանկանում է պահել հենց ձեր նշած պարիտետը։
-Իսկ նոր բան կարո՞ղ ենք սպասել հայ-ռուսական հարաբերություններում։
-Ես չեմ կարծում, որ առարկայական ինչ-որ բան պետք է սպասել, որովհետև այն, ինչ անհրաժեշտ է Հայաստանից ստանալ, Ռուսաստանն այսպես թե այնպես ստանում է։ Իմ կարծիքով Մոսկվան նաև չի նյարդայնացնի Հայաստանին ու չի ստիպի ճանաչել Դոնեցն ու Լուգանսկը։
-Ռուսաստան-արևմուտք աննախադեպ լարվածության այս ֆոնին ինչպիսի՞ն կլինի Մինսկի խմբի ճակատագիրը։ Հնարավո՞ր է նույն ֆորմատում Ռուսաստանն ու Արևմուտքը շարունակեն աշխատել։
-Մի կողմից Մինսկի խումբն ուրախալի օրինակ էր այն բանի, որ կարողացավ աշխատել Ռուսաստանի ու արևմուտքի միջև լարվածության տարբեր փուլերով։ Դա միակ հարթակն էր, որ աշխատում էր նման պայմաններում։ Մյուս կողմից էլ՝ աշխատանքի իմաստն է փոքրանում։Նախկինում էլ մի մեծ բան չէր արվում, բայց հիմա առավել ևս այն կլուծի միայն հումանիտար հարցեր՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու մյուս մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ։ Առավել ևս նկատի ունենանք, որ ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ ֆրանսիացիները առանձնապես այս հարցով ջանք չեն գործադրում։ Ուստի այդ ձևաչափը կաշխատի հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ, ինչը վատ չէ։