
Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նոր աշխարհակարգի վերաձևումը, ցավոք սրտի, պահանջում է պատերազմներ, որոնք միջոցն են ուժերի հաշվեկշռի ճշգրտման կամ փոփոխության։ Սա քաղաքական օրինաչափություն է։ Արցախյան պատերազմը Հարավային Կովկասում ուժերի հաշվեկշռի փոփոխության միջոցն էր։ Պատերազմը Ուկրաինայում ուժերի հաշվեկշռի ճշգրտման կամ փոփոխության միջոցն է Արևելյան Եվրոպայում։ Մեծ շախմատային տախտակի վրա միշտ էլ առաջին հարվածն իրենց վրա են վերցնում զինվորները, բայցև նրանք են, որ նաև շանս ունեն դառնալ խոշոր ֆիգուրներից մեկը հաջողելու դեպքում։
Ի տարբերություն Արցախյան պատերազմում մեզ` հայերիս, ուկրաինացիներն այսօր ունեն աջակցություն, ինչը նշանակում է, որ կոնֆլիկտը շատ ավելի բարդ, ծավալուն և տևական է լինելու (բլիցկրիգը չի բացառվում)։
Հատկանշական է, որ երկու դեպքում էլ կոնֆլիկտի թեժացման պատրվակ և օբյեկտ դարձան չճանաչված պետությունները։ Ուկրաինական կոնֆլիկտի որոշակիացումից է է կախված լինելու մյուս տարածաշրջաններում ուժերի հաշվեկշռի փոփոխության միտումների հավանականության աստիճանը։ Իսկ սա նշանակում է, որ թե՛ Արցախը, թե՛ Դոնբասը նոր աշխարհակարգի վերաձևման երկար շղթայի միայն երկու օղակներն են։
Պատերազմը և խաղաղությունը քաղաքականության հետևանք ու արդյունք են…