ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արարատի Ռազմական ոստիկանությունում հետաքննիչ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 15-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ հատվածում՝ Զանգակատուն գյուղի վարչական տարածքում, բախվել են Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահրամ Հ.-ի վարած КамАЗ AC-12 մակնիշի և Այգեպատ գյուղի բնակիչ, 25-ամյա Էդգար Գ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ, Այգեպատ գյուղի բնակիչ, 26-ամյա Թաթուլ Մ.-ն, Արտաշատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Գագիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արտակ Գրիգորյանն ու Արտյոմ Բեկլարյանը: Օպերատիվ է գործել Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդն ու ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, ինչի առիթով էլ դեպքի վայր էին ժամանել Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները: