Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն արձագանքել է Երևանի Կապույտ մզկիթ այցելած ադրբեջանցի պատգամավորներին, ովքեր իրանական ճարտարապետական կոթողն անվանել էին «ադրբեջանական հուշարձան»:
Ինչպես փոխանցում է դեսպանությունը «Թվիթեր»-ի իր էջում հայերեն, պարսկերեն և անգլերեն գրություններով հրապարակել է մզկիթի և այնտեղ պարսկերենով արված պատմական արձանագրությունների լուսանկարը: «Իրանական արվեստի խորհրդանիշը՝ կապույտ մզկիթը վերջին երեք տասնամյակներում ակտիվորեն գործել է՝ որպես Հայաստանում բնակվող մուսուլմանների աղոթատեղի և հավաքատեղի, ինչպես նաև զբոսաշրջային գրավչություն»,- նշվում է դեսպանության էջում անգլերենով արված գրառման մեջ:
The Blue Mosque, a symbol of Iranian art, has been active again in the last 3 decades as the praying and congregation place of Muslims residing in Armenia and a touristic attraction. A great pleasure that its centuries-old Persian epigraphy has been preserved! Who can read them? pic.twitter.com/CNM9eBZG6O
— IRI Embassy, Armenia (@iraninyerevan) February 23, 2022
Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը:
Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են։ pic.twitter.com/jlVcZhpN1g— IRI Embassy, Armenia (@iraninyerevan) February 23, 2022
Իսկ հայերեն գրառման մեջ ասվում է. «Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը: Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»։
Բոլոր գրառումներում դեսպանությունը հատուկ նշել է Ադրբեջանում Իրանի դեսպանության, ինչպես նաև համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության հարցերով զբաղվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի էջերը:
«Եվրանեսթի» նիստերին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած ադրբեջանցի պատգամավորների՝ իրանական մզկիթը ադրբեջանական անվանելու և ըստ էության իրանական մշակութային ժառանգությունը յուրացնելու փորձի վերաբերյալ «Արմենպրես»-ը, մինչև Իրանի դեսպանության գրառումները, հարցում էր ուղարկել Հայաստանում Իրանի դեսպանություն: Հարցման պատասխանը ստանալուն պես այն կներկայացնենք մեր ընթերցողներին: