Բարձրագույն դատական խորհուրդը, որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմին, քաղաքական գործիչներին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց և իրավաբանական համայնքի ներկայացուցիչներին բազմիցս կոչ է արել դատական իշխանության վերաբերյալ իրենց հանրային հայտարարություններում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն ու հավասարակշռվածություն՝ բացառելու համար նրանց գնահատողական խոսքում վիրավորական, հեղինակազրկող կամ նսեմացնող որևէ արտահայտություն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԲԴԽ-ն։
«Մինչդեռ դատական իշխանության շուրջ վերջին շրջանում ծավալվող հանրային քննարկումները պահանջում են, որպեսզի Բարձրագույն դատական խորհուրդը կրկին ընդգծի դատական իշխանության հեղինակության բարձրացման, հանրային վստահության ամրապնդման հարցում յուրաքանչյուրի՝ հատկապես գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց, իրավաբանական համայնքի անդամների և դատավորների անձնական պատասխանատվության կարևորությունը։
Բարձրագույն դատական խորհուրդը ևս մեկ անգամ պահանջում է պաշտոնատար անձանցից և քաղաքական գործիչներից դատական իշխանության հասցեին անգամ քննադատական խոսքեր հնչեցնելիս լինել զուսպ, հիմնվել միայն փաստերի վրա և զերծ մնալ վիրավորական բնույթի արտահայտություններից և դատավորներին պիտակավորելուց։
Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդը կարևորելով դատավորների՝ բացառապես արդարադատություն իրականացնելու առաքելությունից չշեղվելու անհրաժեշտությունը՝ անընդունելի է համարում նրանց գործողություններով կամ հրապարակային հայտարարություններով քաղաքական չեզոքության վտանգավոր սահմանագծին մոտենալու հնարավորությունը և կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են գնահատվել որպես դատավորի էթիկայի և վարքագծի կանոնների խախտում։
Խիստ մտահոգիչ են նաև իրավաբանական համայնքի ներկայացուցիչների՝ վերջին շրջանում դատական իշխանության հեղինակությունը թիրախավորող, նսեմացնող և վիրավորական բնույթ կրող հայտարարությունները։ Բարձրագույն դատական խորհուրդը կրկին վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, որ իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ցանկացած շահի պաշտպանության իրականացումը պետք է լինի բացառապես մասնագիտական և էթիկայի ու բարեվարքության կանոնների խստագույնս պահպանմամբ, ոչ երբեք դատական իշխանությունը հեղինակազրկելու, դատավորի անձը վիրավորելու, դատարանը վարկաբեկելու հաշվին և կոչ է անում նրանց առավել բարձր պատասխանատվությամբ մոտենալ իրենց հրապարակային ելույթներին, գնահատականներին և որակումներին»,- նշված է հաղորդագրությունում։