Արդի դարաշրջանում հակամարտությունները որոշակի վերափոխումների են ենթարկվել: Եթե նախկինում հակամարտությունների ժամանակ բլիցկրիգերը լինում էին որոշիչ, ապա հիմա դրանք կոնֆլիկտների խորապատկերում զուտ դրվագային առավելություններ են դարձել:
Արդի ժամանակներում հակամատությունները կողմերից պահանջում են ոչ թե <<սպրինտերին>> հատուկ որակներ (այսինքն՝ որքան արագ, այնքան արդյունավետ), այլ հակառակը՝ դրանք վերածվել են երկար շնչառության մրցավազքի: Դա նշանակում է, որ հակամարտություններում հաղթել հնարավոր է միայն և միայն մի դեպքում՝ երբ հաղթանակ ես տանում ոչ թե մեկ, այլ բոլոր ուղղություններով առանց բացառության (տեղեկատվական, քարոզչական, հոգեբանական, ռազմական, տնտեսական և այլ):
Այս հանգամանքը վերաբերում է գրեթե բոլոր կոֆլիկտներին, որոնց լուծումները, երբեմն թվում է, մոտ են, սակայն կարգավորման ջանքերն այդպես էլ վերջնարդյունքի չեն հանգեցնում: Ուստի արդի դարաշրջանի հակամարտությունները կողմերից պահանջում են ամուր նյարդեր, երկարատև ռազմավարություն, ճկուն մարտավարություն, այսինքն՝ այն զինանոցը, որն անհրաժեշտ է <<ստայերին>> մարաթոնում հաղթանակի համար: