
Ուկրաինայի հարցում յուրաքանչյուր կողմ իրավունք ունի արտահայտելու իր մտավախությունը, և Ռուսաստանի արդարացված մտահոգությունը նույնպես պետք է հարգել և հաշվի առնել: Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում:
«Ցանկացած երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգել և պաշտպանել, քանի որ դա միջազգային հարաբերությունների հիմք է, համապատասխանում է ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին: Դա Չինաստանի կառավարության մշտական դիրքորոշումն է: Ուկրաինան բացառություն չէ»,- նշել է Ին:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է վերադառնալ Մինսկի համաձայնություններին։
«Ուկրաինան պետք է կամուրջ լինի արևելքի ու արևմուտքի միջև, այլ ոչ թե առաջատար տերությունների դիմակայության ճակատային գիծ: Մենք հուսով ենք, որ լուծումը կգտնվի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով, և դա իսկապես կդառնա Եվրոպայում անվտանգության և կայունության երաշխիք»,- հավելել է Չինաստանի ԱԳ նախարարը:
Վան Ին Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցել է տեսակապի միջոցով: