Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյամանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ տոնի սկիզբն ազդարարվել է փետրվարի 13-ի երեկոյան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ կատարվել է Երեկոյան ժամերգություն:
Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարարապետ Գերաշնորհ Տ․Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, տեղի է ունեցել նախատոնակ, ապա կատարվել է նաև տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվել են աշխարհի չորս կողմերը:
Արարողությունից հետո եկեղեցականաց թափորն ուղղվել է դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, ուր, ներկայությամբ բազում հավատացյալ հայորդիների, ձեռամբ Մուշեղ Սրբազանի վառվել է Տեառնընդառաջի խարույկը, որի շուրջ համախմբված Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես են եկել հոգևոր և ազգային երգերի կատարումներով:
Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին, եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ: