Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում փետրվարի 10-ին տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ընթացքում հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի կողմից շնորհված Երախտագիտության մեդալը հանձնվեց Իրաքի հասարակական-քաղաքական գործիչ, Իրաքի խորհրդարանի նախկին պատգամավոր, հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ռեհան Հանա Այուբիին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։
Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը ներկա էին Իրաքի խորհրդարանի ներկա և նախկին պատգամավորներ, Քուրդիստանի Ժողովրդավարական կուսակցության Զախո շրջանի ղեկավար Ալի Աունին, Իրաքյան Քուրդիստանի հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Արարողությունը լուսաբանվել է տեղական առաջատար հեռուստաընկերությունների՝ Rudaw Media Holding, Kurdistan 24, Gali Kurdistan և Ishtar TV կողմից: