«Ադրբեջանի կողմից վարվող նման քաղաքականությունն ամենևին նորություն չէ. մշակութային վանդալիզմի ակնհայտ դրսևորումները տեղի են ունեցել նաև պատերազմի օրերին, երբ երկու անգամ ռմբակոծեցին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Սա հստակ մարտավարություն է՝ ոչնչացնել մեր հայկական հետքը Արցախում, որը որդեգրել է Ադրբեջանը»,- ասում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է անում իշխող ուժը Բաքվի կողմից վանդալիզմը կանխելու համար։ Պատգամավորը նկատում է․ «Նորություն չէ, որ Ալիևը հաշվի չի նստում միջազգային հանրության դիրքորոշման հետ, պարբերաբար խախտում է միջազգային իրավունքը: Կարծում եմ, որ Եվրամիությունը և, առհասարակ, միջազգային կառույցները պետք է օգտագործեն տարբեր լծակներ՝ ազդելու Ադրբեջանի նման քաղաքականության վրա»։