ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի դատական գործը մեկ տարի է դոփում է նույն տեղում դատախազությունը որևէ գործողություններ ձեռնարկելու է, թե ոչ։ Այսօր փետրվարի 8-ին, դատական նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին։
«Դատախազությունը դրա հետ կապված հնարավոր բոլոր գործողությունները ձեռնարկել է։ Մենք ունեցել ենք մոտեցում, որը դատարանի կողմից համապատասխան արձագանքի է արժանացել։ Ինչ վերաբերում է այս կամ նախորդ նիստերի պատճառաբանություններին՝ տարբեր մասնակիցների բացակայություններին՝ կոնկրետ նախորդ նիստին առողջական վիճակներով էր պայմանավորված, ներկայացվեցին փաստաթղթեր, ստուգվեցին։ Իսկ այս նիստում ներկայացրած պատճառաբանությունը ստուգման հնարավորություն չի տալիս։ Ուստի էթիկայով պայմանավորված հարիր չեմ համարում տալ գնահատական, որի վերաբերյալ տեղեկություններ չկան»,-պատասխանեց դատախազն ու նշեց, որ եթե փաստաբան Լուսինե Սահակյանի ներկայացրած այն տեղեկությունը, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել և չի կարողացել հասնել դատական նիստին՝ չի համապատասխանում իրականությանը՝ ապա դա անհարգալից վերաբերմունք է բոլորի նկատմամբ և պաշտպանություն իրականացնելու խեղաթյուրված եղանակ է։